Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է. Արա Խզմալյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը:
Ա. Խզմալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է հայ-ռուսական մշակութային առնչություններին, նշել, թե որքան խորն են այդ հարաբերությունները: Ըստ նրա՝ հայկական մշակույթի բազմաթիվ ոլորտներ և ճյուղեր զարգացել են ռուս գեղարվեստական կրթության ազդեցությամբ: Թամանյանը, Սպենդիարյանը, Խաչատրյանը և այլք այդ մշակույթի անմիջական կրողներն եղել: Մյուս կողմից նա նաև մատնանշել է ռուս լավագույն մտավորականների՝ հայ մշակույթի հանդեպ բացառիկ վերաբերմունքը, որն արտահայտվել է թե՛ գիտական հրատարակությունների, թե՛ թարգմանությունների ու հետազոտական աշխատանքների տեսքով:
Այս համատեքստում պատահական չեն համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումները:
Արա Խզմալյանի գնահատմամբ՝ «Հերոսական բալլադը», որը ևս հնչել է համերգի ընթացքում, հետպատերազմյան որոշակի բարոյահոգեբանական մթնոլորտում կատարել է իր դերը:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նաև Կոմիտասի անվան ազգային քառյակի ելույթը Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում. «Այս առումով լիովին կատարեցինք մեր առջև դրված խնդիրները»:
Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ:
Երկու երկրների գործընկերները քննարկել են առաջիկայում միջպետական հնարավոր ծրագրերը, այդ թվում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ռուս հոգևոր մշակույթի օրերի անցկացման վերաբերյալ մանրամասները, պատվիրակության մոտավոր կազմը, ծրագրի նախնական բովանդակությունը, որը շուտով հայտնի կդառնա:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ հանդիպումը կարևորվել է նաև ռուս մշակութային հանրությունից ակնկալիքները ներկայացնելով՝ առաջին հերթին գեղարվեստական կրթության ոլորտում:
«Մանիլովայի հետ հանդիպմանը ներկայացրել եմ մեր ակնկալիքները: Խոսքն հիմնականում վերաբերում էր ինչպես արվեստի բուհերում հայ ուսանողների հնարավոր կրթությանը, այնպես էլ թատրոնի, երաժշտության, կերպարվեստի և այլ ոլորտներում ռուս գործիչներին, դասախոսներին մեր կրթական համակարգում ընդգրկելու հնարավորությանը: Պետք է նշել, որ արվեստի բուհերի միջև համագործակցության խորացման, գեղարվեստական կրթության գաղափարները ընդունվեցին մեծ ոգևորությամբ»,- համագործակցության հնարավոր զարգացումների վերաբերյալ երկկողմ քննարկումներն է ներկայացրել Ա. Խզմալյանը:
Նա ընդգծել է հայ-ռուսական համագործակցության արդյունավետ փորձը նաև հին ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի վերականգնման ոլորտում:
Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարին միջազգային համագործակցությունը դինամիկ տեմպերով առաջ է գնում, որի նպատակն է միջազգային կարևոր և խոշոր հարթակներում ապահովել հայկական ներկայությունը:
Արա Խզմալյանը, կարևորելով միջազգային հարթակներում հայկական կողմի մասնակցությունը, նշել է արդեն իսկ հաջողված նախադեպերն ու առաջիկայում կայանալիք միջոցառումները.
«Հիշենք, որ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Անրի Վեռնոյի հոբելյանը, մասնակցել ենք Վենետիկի Բիենալեին, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի փառատոները: Առաջիկայում «Հովեր» կամերային երգչախումբը կմասնակցի Գերմանիայում կայանալիք փառատոնին, որը կնվիրվի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին»:
Արա Խզմալյանը, եզրափակելով խոսքը, ընդգծել է, որ միջազգային հարթակներում մասնակցությունը չափազանց կարևոր է և՛ մասնագիտական, և՛ քաղաքական, և՛ բարոյահոգեբանական առումներով: Ըստ նրա՝ անհրաժեշտ են տրամադրություն ստեղծող միջոցառումներ թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում, որոնց էլ ծառայում է մշակույթը:
Նախարարի տեղակալը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: