շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մի վախեցեք իրագործել ձեր ամենահամարձակ ցանկությունները, եղեք ազատ. Վահան Քերոբյան

Մի վախեցեք իրագործել ձեր ամենահամարձակ ցանկությունները, եղեք ազատ. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով.

«Սիրելի Կանայք,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ակներև է, որ կանանց դերը մեր հասարակության մեջ արհեստականորեն նվազեցված է։ Այսօր էլ կանայք ավելի դժվարությամբ են աշխատանք գտնում, բիզնես սկսում, հաջող կարիերա անում մասնավոր կամ հանրային ծառայության ոլորտում։ Ակներև է նաև, որ դրա արդյունքում մենք, որպես հասարակություն, էապես նվազեցնում ենք մեր պոտենցիալը, մեր զարգացման ուղեծիրն ու հնարավորությունները։

Անհավասարությունները, նախապաշարմունքները, կարծրատիպերը վերացնելը մեր հասարակությանը հաղորդելու է նոր որակ, նոր զարգացման հեռանկար, որը թույլ կտա, որ մենք ունենանք ավելի ներդաշնակ, ավելի մրցունակ պետություն։

 

Սելեկտիվ աբորտները, աղջիկ երեխաներից հրաժարվելն արատավոր, ես կասեի՝ հանցավոր երևույթ են, և պետք է օր առաջ արմատախիլ արվեն մեր առօրյայից։ Ժողովրդագրական այս բարդ ժամանակներում, երբ Հայաստանի ընտանիքները պետք է ձգտեն բազմազավակության, աղջիկ երեխաները պետք է ունենան կյանքի նույն հնարավորությունները, ինչ տղաները։

Աշխատանքային կյանքում ևս շատ են խնդիրները։ Կանայք նույն աշխատանքի համար միջինում ավելի քիչ վարձատրություն են ստանում, շատ կանայք էլ աշխատանքի հնարավորություն չունեն ընտանեկան դրությունից ելնելով։ Ամուսինները պետք է ոչ միայն չարգելեն, այլև խրախուսեն կանանց աշխատելը, դա անշուշտ կհանգեցնի ընտանիքների բարեկեցության աճին, ավելի հավասարակշռված և առաջադեմ ընտանիքների ձևավորմանը, երկրի տնտեսական հզորացմանը։

Գործարար կանայք մեծ նշանակություն ունեն մեր կյանքում, բայց կարող են անհամեմատ ավելին։ Կանանց առջև ծառացող խնդիրները կարծես բազմապատիկ ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ։ Կանանց ձեռնարկատիրությունը դեռևս գտնվում է սաղմնային մակարդակում, կանայք այսօր չնչին մասնակցություն ունեն ընկերությունների հիմնադրման և ղեկավարման գործում և անհրաժեշտ է, որպեսզի մենք բոլորս քաջալերենք ու խրախուսենք կանանց ձեռնարկատիրությունը փոքր, միջին և, անշուշտ, մեծ բիզնես կառուցելու գործում։

Սիրելի կանայք, խնդրում եմ՝ եղեք երջանիկ, ստեղծագործեք, երազեք, մի վախեցեք իրագործել Ձեր ամենահամարձակ ցանկությունները, եղեք ազատ ու ապրե՛ք այնպես, ինչպես Դուք եք ուզում, այլ ոչ թե ուրիշի կանոնների համաձայն։
Շնորհավորում եմ»։

  • Կիսվել: