ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով․ Վահան Քերոբյան

Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով․ Վահան Քերոբյան

Մենք շատ անհանգստացած ենք Հայաստան ներմուծվող թմրանյութերի լուրերից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով նախօրեին Իտալիայում Հայաստան ուղևորվող շուրջ 3 տոննա, իսկ այսօր արդեն ՀՀ-ում 1 տոննա կոկաինի առգրավման վերաբերյալ լուրերին։

Ինչպես ընդգծեց նախարարը, իրեն հայտնի է միայն այն տեղեկությունը, ինչը հայտնի է հանրությանը։

«Սա պրոֆիլային հարց չէ, ես այս հարցին չեմ պատասխանի։ Կարող եմ ասել, որ մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թ՛ե Հայաստանում թմրամիջոցների հետ կապված ընդհանուր իրավիճակով», - ասաց նախարարը՝ հավելելով, որ այլ հարցերի չի պատասխանի, քանի որ ինքն այս հարցում մասնագետ չէ։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք խնդիրն Էկոնոմիկայի նախարարության տիրույթում չէ, եթե թմրամիջոցների ներկրումն իրականացվել է մրգեր ներկրող ընկերության միջոցով՝ նախարարն ընդգծեց, որ չգիտի անգամ, թե որ կազմակերպության մասին է խոսքը։

  • Կիսվել: