Մի տարի հետո նույնիսկ էս գործող օրենքով կարող են բիզնեսին տուգանել. Հակոբ Ավագյան
Սա ևս մի օրինական ճանապարհ էր, որ մեր բողոքը ներկայացնենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը:
Նշենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողում քննարկվեց շրջանառության հարկի բարձրացմանը վերաբերող օրենքը չեղարկելուն ուղղված հանրագիրը:
«Ներկայացրել ենք, որ 2350 ստորագրություն կա նույնականացված, այսինքն մարդիկ բոլոր հնարավոր օրինական ճանապարհով ներկայացնում են իրենց խնդիրները: Հանրագրի ինստիտուտը եղած պետական գործիքներից մեկն էր:
Դու չես կարող մի ժամում բոլորի խնդրին անդրադառնալ, բայց և ոսկու շուկայի, և առևտրի տարբեր ապրանքային խմբերով զբաղվողների խնդիրներն էինք ներկայացնում, որոնք պրակտիկ դաշտում այդ գրված օրենքով հնարավոր չի իրականացնել;
Այսինքն, եթե մենք մեր գերփոքր բիզնեսին մենակ ենք թողնում այդ խնդիրների հետ, մեծ ցանկության դեպքում նույնիսկ ինքը չի կարող իրականացնել: Գումարած դրան, որ տուգանքներն է շատ մեծացել: Ցանկացած պահի, երբ որ հարկայինը մտնի ստուգման, այն ժամանակ ՓՄՁ-ն ասում էր՝ ես տալիս եմ քո 5% -ը, հանգիստ թող ինձ ապրեմ, բայց հիմա նույնիսկ 10% վճարելու դեպքում հարկայինը մտնի, ամեն մի ապրանքի համար ինքը պահանջելու է քանակագումարային հաշվառում, որը ավելի բարդ հաշվառում է, քան ընդհանուր հարկման դաշտում գործողների համար։ Սա է ամբողջ կռիվը:
Մյուս կտորը այն է, որ եթե նույնիսկ դա ենք արել ապա շատ տրամաբանական կլիներ որ հունվարի մեկից պետական մարմինները, նաև մեր աջակցությամբ մեր հետ համագործակցությամբ գնային հատ առ հատ էդ փոքր բիզնեսին օգնեին: Նույն ոսկու ոլորտում դուք ստիպում եք որ պայմանական տիկին Զոյան կոմիսիոն վաճառքի պայմանագրեր կնքի: Իր մոտ ապրանքը կա որ իրենն է, կա, որ արտադրողինն է, կա որ վերցրել է, վաճառի նոր գումարը տա: Դա նշանակում է կոմիսիոն պայմանագրերի հարաբերություն, որը այս մարդը հնարավորությունը չունի: Նա պետք է դիմի իրավաբանի, իրեն պետք է տան ստանդարտ ձևաչափ, ինքը պետք է լրացնի»,-ասաց նա:
Հակոբ Ավագյանը նկատեց, որ հանձնաժողովում իրենց առաջարկը չանցավ, քանի որ ընդդիմության երեք ներկայացուցիչները չկային, եթե լինեին, գուցե ֆորմալ առումով իրենց առաջարկն ընդունվեր:
«Սա ուղիղ ազդելու է ցանկացած ՀՀ քաղաքացու վրա, որովհետև դա գոնե ընդունեցին պատգամավորները, մասնավորապես Թունյանը նշեց, որ այո, մենք հասկանում ենք, որ սա բերելու է և՛ ապրանքների, և՛ ծառայությունների գների ավելացման: Արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք»: