երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։

Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Ստեփանավանի, Ջերմուկի, Թալինի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Ախուրյանի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Տավուշի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

  • Կիսվել: