Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Հանդիպմանը քննարկվել են Visa կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և մտքեր փոխանակել Հայաստանում հնարավոր նոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ:
Թարիք Մահմուդը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև Կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին:
Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS (վճարային) տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը և հորդորել քննարկել գործընկեր բանկերի հետ այդ միջնորդավճարների նվազեցման սցենարներ։



