չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեզանից մեծ նվիրում ու ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար. Երևանի քաղաքապետի ուղերձը

Մեզանից մեծ նվիրում ու ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար. Երևանի քաղաքապետի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.  

«Սիրելի երևանցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում:   Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական մթնոլորտը: Առողջություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում:

Որպես հետպատերազմյան տարի, 2021 թվականը, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ մայրաքաղաք Երևանի համար լի էր մարտահրավերներով ու դժվարություններով: Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկանշել, որ տարեկան ծրագրերով մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարվել են: Քաղաքային տնտեսությունը անընդհատ զարգացող օրգանիզմ է, և մեզանից մեծ նվիրում ու ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:

Ուզում եմ նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք կյանքի կոչել նաև 2022թ. մեր նախանշած ծրագրերը: Քաղաքի առջև ծառացած խնդիրները ինստիտուցիոնալ, նորարարական և հիմնավոր լուծումների կարիք ունեն:

Մեր գործելակերպի հիմքում լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների, այդ թվում՝ Երևանի ավագանու հետ: Սիրելի երևանցիներ, քաղաքամայր Երևանի կառավարման գործում ակնկալում եմ նաև ձեր ակտիվ դերակատարումը: Մենք պատրաստ ենք լսել ձեր խորհուրդներն ու դիտարկել առաջարկները՝ ի բարօրություն մեր հրաշալի ու հինավուրց մայրաքաղաքի:  

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ և սիրով միանում Ձեր ընտանիքներում հնչող տոնական բարեմաղթանքներին»:

  • Կիսվել: