ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեզ համար արդյունքը մեր երեխաներն են․ անհետ կորածների ծնողները՝ ԱԱԾ պետի հետ հանդիպման մասին․ (Տեսանյութ)

Մեզ համար արդյունքը մեր երեխաներն են․ անհետ կորածների ծնողները՝ ԱԱԾ պետի հետ հանդիպման մասին․ (Տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Ծնողները հայտնեցին, որ հանդիպման ընթացքում բողոքի ակցիան դադարեցնելու պայմանավորվածության են եկել՝ պայմանով, որ իրենք ԱԱԾ-ին փոխանցեն մինչ այս հավաքած բոլոր նյութերն ու տեղեկատվությունը՝ վերաբերող իրենց զավակներին, ինչից հետո ԱԱԾ-ն կտանի մասնագիտական աշխատանք, իսկ հանդիպումներն իրենց հետ պարբերական կլինեն։

Նրանց խոսքով՝ տեղեկատվություն, նյութեր, ինչ որ տրամադրել են, էլի տրամադրելու են։ Ավելի խորացված հետախուզություն կարվի, պարբերաբար հանդիպումներ կունենան, իրենք կզեկուցեն կատարված աշխատանքների մասին։
 

Հիշեցնենք, որ մինչ Արմեն Աբազյանի հետ հանդիպումը, ծնողները լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ իրենց զավակների գտնվելու հավանական վայրի կամ կորած զինծառայողներին վերաբերող այլ հանգամանքների մասին հավաքագրված ինֆորմացիան տրամադրել են պետական գերատեսչություններին, սակայն ոչ մի գործնական քայլ դրան չի հաջորդել, հատկապես ՊՆ-ն անգործություն է դրսևորել։ Այժմ այդ նյութերը տրամադրվելու են ԱԱԾ-ին։

«Պաշտպանության նախարարությունը մինչ օրս ռազմական հետախուզություն չի արել, մեր երեխաների զոհվելու պայմանները չեն պարզվել, չգիտենք՝ ովքեր են զոհվել, ովքեր՝ ոչ կամ գուցե հավանական գերության մեջ են։ Որևէ աշխատանք չեն արել, չկա այդ ինֆորմացիան։ Ստիպված մենք ծնողներով ենք տեղեկատվություն հավաքել, անընդհատ փորձել ենք ներկայացնել։ Հիմա ամբողջացնելու ենք այդ տեղեկատվությունը, որպեսզի ԱԱԾ մասնագետներն էլ իրենց կողմից աշխատանքներ կատարեն»,- մանրամասնեց անայտ կորածի ծնողը։

Նա հավելեց, որ մինչև արդյունքներ չունենան, ոչնչից գոհ չեն լինելու, իսկ իրենց համար արդյունքն իրենց երեխաներն են։

ԱԱԾ տնօրենի հետ անհայտ կորած զինծառայողների ծնողների  հաջորդ հանդիպումը կկայանա, երբ նրանք ամբողջացնեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերն ու այդ մասին հայտնեն կառույցին։ 

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ԱԱԾ շենքի մոտ էին հավաքվել վաղ առավոտից: Մինչ Աբազյանի հետ հանդիպում նրանք լրագրողներին հայտնեցին, որ իրենք տվյալներ են հավաքագրել ու պատրաստ են տրամադրել ԱԱԾ-ին: Հարազատները նաև շեշտեցին, որ իրենց  կատարած աշխատանքների շնորհիվ 21 անհետ կորած զինծառայողից 9-ի մասունքները գտնվել են: Նրանցից 8-ը նույնականացվել է, մեկինը՝ դեռ չի ստացվում:

  • Կիսվել: