ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. քույրը տեղում մահացել է, եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. քույրը տեղում մահացել է, եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևանում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Անդրանիկ Դանիելյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214.2-րդ  կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները մահացածի դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել մեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ավագ հետաքննիչ  Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի քույրն էր: 

  • Կիսվել: