չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մեր բուհական համակարգը ճգնաժամի մեջ է. Նիկոլ Փաշինյան

Մեր բուհական համակարգը ճգնաժամի մեջ է. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ արդեն ամփոփվել են հիմնական փուլի արդյունքները, և այս տարի դիմորդների թիվը 13 հազար 314 է, որը համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ:

«Ընդունվածների ընդհանուր թիվը 9 հազար 147 է, որը էլի համադրելի ցուցանիշ է: Անվճար տեղերի թիվը եղել է 2128, որից սպառվել է 1782-ը, այսինքն՝ 83,7 տոկոսը: Վճարովի տեղերը հատկացված են եղել 15 հազար 984-ի չափով, որից 7342-ն են ընդունվել, սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, և դա նորություն չէ, ընդամենը 45,3 տոկոսն է, ընդ որում՝ սրա մեջ մտնում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշները»,- մանրամասնեց նա:

Անդրեասյանը նաև նկատեց՝ ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավել տեղ է հատկացված եղել, իսկ ընդունելությունը շուրջ 3 տոկոս է կազմել. «Այսինքն՝ գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում: Սա ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք, թե ինչպես ենք այս մասնագիտությունները և տեղերը պլանավորում, այսինքն՝ արդյոք, օրինակ, այս 15 հազար 984 վճարովի տեղերը, որոնք բուհերը սահմանել են, իսկապես այն ուղղություններն են, որոնցով պետք է այդ կրթությունն իրականացվի»:

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ունենք ցուցանիշներ, որոնք հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով:

«Շարունակում է շատ ցածր ու մտահոգիչ մնալ Ագրարային ուղղությամբ ընդունելությունը, Ագրարային համալսարանում ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում, և, կարծում եմ, այստեղ մեծ աշխատանք կա անելու»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց՝ մեր բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, համակարգային, բովանդակային ճգնաժամի մեջ. «Եվ Կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել: Լավ լուրն այն է, որ Կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը և ծրագիրը սկսել է իրագործվել. խոսքը Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»:

  • Կիսվել: