Մենք չպետք է «թուլանանք», հակառակ դեպքում կունենանք աղետալի վիճակ. նախարար
Վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հարաբերականորեն անկում է ապրել, ինչը նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Այդուհանդերձ, ըստ նրա, դա պետք է պահպանել։
«Այսինքն՝ տեսնելով ցածր թվեր, մենք չպետք է «թուլանանք» կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է: Իրականում դա այդպես չէ: Եվ ցածր թվեր ունենալով՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական աղբյուրներից են: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում և փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև»,- նշեց նախարարը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ դրա պատճառներից մեկն էլ նաև այն է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավականին երկարատև է և այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ այն դեպքերում, երբ պացիենտը որևէ նշաններ չունի:
»Հետևաբար, հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է, և պետք է մեր զգոնությունը չկորցնենք և շարունակենք բոլոր գործողությունները՝ նույնիսկ ավելի լայն թափ տալով դրանց, ինչ արել ենք մինչև օրս: Դա պացիենտների հայտնաբերումն է, նրանց թեստավորումը, բուժումը, կոնտակտավորների մեկուսացումը և այդպես շարունակ, մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժում կամ պատվաստում»,- ընդգծեց առողջապահության նախարարը՝ հավելելով, որ մինչ այդ պետք է ունենալ կառավարելի թվով պացիենտներ, դա է պետության խնդիրը:
Ըստ նրա՝ պետք է թույլ տալ առողջապահական համակարգին զբաղվել այդ պացիենտներով և եթե հակառակը լինի, ապա, նախարարի գնահատմամբ, «կունենանք աղետալի իրավիճակ», երբ առողջապահական համակարգը չի կարողանա մեծ թվով պացիենտների առողջությամբ զբաղվել, բուժել։



