ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու համար․ Անահիտ Ավանեսյան

Մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու համար․ Անահիտ Ավանեսյան

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ իրավիճակը վերահսկելի է։

«Կարմրուկն, ի տարբերություն քովիդի, վաղուց հայտնի հիվանդություն է, մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու, ճիշտ ժամանակին զսպելու և լավ արդյունք ունենալու նաև բուժման ընթացքում։ Ուրեմն, ուրբաթ օրվանից, հենց առաջին դեպքի հաստատումն ունենալուց հետո, իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են բոլոր մասնագետները տարբեր ոլորտներից՝ նեղ մասնագետներ, բացի դրանից մենք ունեինք քովիդի ժամանակ ստեղծված միջազգային մասնագետների խումբ, որն այս ընթացքում գործել է, և շարունակվելու է գործել։ Մասնագիտացված խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, մենք հավաքագրում ենք օրվա ընթացքում անհրաժեշտ տեղեկատվութունը և նոր որոշումները համապատասխանեցնում ենք իրավիճակին»,–ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Ավանեսյանն ասաց, որ այս պահին մարզերում սահմանափակող գործողությունների անհրաժեշտություն չկա․ «Մենք առաջին օրերին, ըստ պլանի կառաջնորդվենք ստեղծված համաճարակային իրավիճակին համապատասխան, այս պահին պացիենտների մեծ մասը Երևանից են»։

 

Նախարարը հորդորեց ախտանիշներ ի հայտ գալուն պես առանց հապաղելու դիմել բժշկի, հատկապես մանկահասակ երեխաների դեպքում։

«Այս պահին ունենք փոքր բռնկում և պետք է ճիշտ ձևով զսպենք և թույլ չտանք տարածումը»,–ասաց Ավանեսյանը։

  • Կիսվել: