Մենք արդեն կորցրել ենք, մեզնից չեն տանելու, ձեզնից են տանելու ձեր երեխաներին. զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը համախմբման կոչ արեց
Այսօր Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո սկսված ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ասաց, որ պայքարելու են այնքան, մինչև այս իշխանությունները չկարողանան հանձնել մի թիզ հող:
՛՛Որդիների կանչ՛՛ հասարակական կազմակերպության անունից երբ հայտարարեցինք, որ մեր պայքարի ուղղությունը փոխում ենք, այդ օրվանից իշխանությունները փորձեցին մեզ լռեցնել։ Ես դիմում եմ բոլոր քաղաքացիներին և իշխանություններին, մենք բոլորս Գայանե ենք, մեզանից որ մեկին էլ տանեն, միևնույնն է, մեր շարժումը չի մարելու: Պայքարելու ենք այնքան, մինչև այս իշխանությունները չկարողանան հանձնել մի թիզ հող՛՛,-նշեց նա:
Ռոստոմյանը հավելեց, որ կանխազգացողություն ունի, որ վատ բան է կատարվում, և եթե հայ ժողովուրդը չհամախմբվի, ապա ամեն օր զոհ ենք ունենալու․
՛՛Մենք արդեն կորցրել ենք, մեզնից չեն տանելու, ձեզնից են տանելու ձեր երեխաներին, այնպես որ՝ միացեք և բոլորդ դարձեք Գայանե՛՛,-կոչ արեց նա:


