ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական առցանց վեբինարները

Մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական առցանց վեբինարները

2021 թ․ Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի շրջանակում այսօր մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական երկօրյա առցանց վեբինարները:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների մասին։ Վեբինարներին մասնակցել են ԵՄ պատվիրակության, բուհերի, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության վարչության ղեկավար Գոնսալո Սեռանոն: Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ ծրագրի միջոցով կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության և հարևանության երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունը, որի նպատակներից մեկը բուհերի միջազգայնացումն է: Նրա հավաստմամբ՝ այդ համատեքստում մի շարք ծրագրեր, ինչպես, օրինակ, Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակում Studyinarmenia.am կայքի ստեղծումը, բարձրագույն կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրման և մի շարք այլ ծրագրեր մեծ ազդեցություն են գործում բարձրագույն կրթության ողջ համակարգի վրա:

«Կարծում եմ, որ սա հիանալի գործիք է համագործակցության ընդլայնման համար: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք ուսանողների և բուհերի անձնակազմի շրջանում Էրազմուս+ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու և համագործակցության ծրագրերի մեջ բուհական հանրությանը ներգրավելու և աջակցելու գործում: Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին ևս կոչ եմ անում առավել ակտիվ ներգրավվել այդ ծրագրերում»,- շեշտել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանից, Ուկրաինայից և Ղազախստանից ժամանած հյուրերին` Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրենց փորձով կիսվելու պատրաստակամության համար:

Բրյուսելում տեղակայված Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ծրագրի պատասխանատու Դեսպինա Քրիստադոնին վեբինարի ընթացքում ներկայացրել է վերջերս վերափոխված Էրազմուս Մունդուս գործողության մանրամասները և առաջարկվող ֆինանսավորման շրջանակը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի բուհերի ներկայացուցիչները՝ նպատակ ունենալով նպաստել այդ երկրների բուհերի միջև Ժան Մոնե ծրագրերի իրականացման փորձի փոխանակմանը և բացահայտել Էրազմուս+ ծրագրի շրջանակում բուհական համագործակցության նոր հեռանկարները:

Երկու օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ավելի շատ գիտելիքներ ստանալ «Էրազմուս Մունդուս գործողությունների պլան- 2021» ծրագրի մասին, որի նպատակն է խթանել բուհերի գերազանցությունն ու միջազգայնացումը` համատեղ մշակված և ճանաչված մագիստրոսական ծրագրերի միջոցով: Միջոցառման մասնակիցները կտեղեկանան նաև Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի միջոցով բուհերի կարողությունների զարգացման, ինչպես նաև Ժան Մոնե գործողությունների մասին, որոնք ուղղված են Եվրոպական միության ուսումնասիրությունների ոլորտում դասավանդման ու հետազոտության խթանմանը:

Հավելենք, որ Էրազմուս Մունդուս գործողության շրջանակում հայաստանյան բուհերը կարող են բարձրացնել իրենց միջազգայնացման կարողությունները, արդիականացնել կրթական ծրագրերն ու դասավանդման պրակտիկան, մշակել նոր համատեղ մագիստրոսական ծրագրեր՝ հիմնվելով որակի ապահովման, հավատարմագրման, աստիճանների և կրեդիտների ճանաչման միջազգային փորձի վրա: ՀՀ բուհերը կարող են հանդես գալ և՛ որպես ծրագրի համակարգող, և՛ որպես ձևավորված կոնսորցիումի գործընկեր հաստատություն:

 

  • Կիսվել: