ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեկնարկել է փրկարարների ատեստացիան. փոխնախարարները հետևել են ընթացքին (տեսանյութ)

Մեկնարկել է փրկարարների ատեստացիան. փոխնախարարները հետևել են ընթացքին (տեսանյութ)

Հոկտեմբերի 23-ին ՆԳՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայում մեկնարկել է փրկարար ծառայողների ատեստացիան, որին հետևել են ատեստացիոն հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Ներկա էին նաև ատեստացիոն հանձնաժողովի անդամներն ու փրկարար ծառայության ղեկավարությունը։
 
Ատեստացիայի մեկնարկից առաջ նրանք հանդիպել են փրկարար ծառայողներին և հաջողություն
մաղթել։
 
Առաջին փուլով ատեստացիայի համար կամավոր սկզբունքով դիմել է 345 փրկարար ծառայող։ Հոկտեմբերի 23-ին մասնակցում էին Երևան քաղաքի փրկարարական վարչության կրտսեր խմբի այն ծառայողները, որոնք առաջինն են ցանկություն հայտնել մասնակցելու ատեստացիային։
 
Ընդհանուր գիտելիքների ստուգման ողջ ընթացքը, ինչի համար ծառայողներին տրվել էր 80 րոպե, տեսաձայնագրվում էր։ Ատեստացիոն հանձնաժողովի անդամներն էլ գործընթացին հետևում էին տեսահսկման սենյակից։
 
Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից: Առաջինն ընդհանուր գիտելիքների փուլն է, ապա` ֆիզպատրաստության, վերջում՝ մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը։ Գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում նախատեսված է նաև հարցազրույց՝ հոգեբանի մասնակցությամբ։
 
Ատեստացիոն հանձնաժողովում ներգրավված են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ՆԳ և ԿԳՄՍ նախարարությունների և Փրկարար ծառայության ներկայացուցիչներ։
 
Հիշեցնենք, որ ատեստացիան բարեհաջող անցած ծառայողները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց սոցիալական երաշխիքները։

  • Կիսվել: