կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկել է ԿԳՄՍՆ-ի կազմակերպած «Ես կարևոր եմ» աշխատաժողովը

Մեկնարկել է ԿԳՄՍՆ-ի կազմակերպած «Ես կարևոր եմ» աշխատաժողովը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Ես կարևոր եմ» աշխատաժողովը՝ արժևորելու նախադպրոցական կրթությունը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակն էր ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովը միջանկյալ հնարավորություն է՝ ամփոփելու նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները, նախանշելու խնդիրներն ու լուծման ճանապարհները:

«Կրթական բոլոր մակարդակները ներկայում բուռն բարեփոխումների փուլում են: Դրանք վերաբերում են թե՛ կրթական միջավայրի բարելավմանը, թե՛ ժամանակակից պահանջներին համապատասխան գույքային հագեցվածությամբ ապահովմանը, թե՛ բովանդակության փոփոխությանը, թե՛ մասնագետների կարողությունների զարգացմանը: Եվ բազմաթիվ աշխատանքներ ուղղված են նաև նախադպրոցական կրթության զարգացմանը»,-ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ընդգծելով կրթական միջավայրի՝ երեխայի կրթության զարգացման վրա գործուն ազդեցությունը, փոխնախարարն անդրադարձել է Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, որն ընթանում է բուռն թափով և նախատեսված է ավարտին հասցնել 2026 թվականին: Նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածությունը (0-5 տարեկան բնակչության քանակից) կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%: 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4%: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ այս ցուցանիշները բավարար չեն, և գալու է մի ժամանակ, որ նախադպրոցական կրթության փուլը դառնալու է պարտադիր բոլոր երեխաների համար:

«Միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխան որքան շուտ ներգրավվի կրթական համակարգում, այն ավելի շատ դրական ազդեցություն կունենա նրա հետագա կյանքի որակի վրա: Պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որպեսզի նախադպրոցական հաստատություններ կամ ծառայություններ չունեցող բնակավայրերում իրականացվեն այլընտրանքային մոդելներով նախադպրոցական կրթական ծրագրեր»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում են 100-ից ավելի կրթահամալիրի հիմնում նախադպրոցական և դպրոցական կրթական մակարդակներում, որոնք հագեցած են լինելու մշակութային, երիտասարդական, սպորտային ծրագրերով:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև ռիսկային խմբերում գտնվող երեխաներին տրվող պետական աջակցությանը.

«Այս տարվանից զինծառայողների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ամբողջությամբ ստանալու են նախադպրոցական անվճար կրթություն: Իսկ հաջորդ տարվանից ծրագիրը կգործի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար»:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ փոխնախարարը նշել է, որ 60 նախադպրոցական հաստատություններում այն արդեն ներդրվել և փորձարկվել է: Այս տարի փորձարկման գործընթացում ընդգրկվել են ևս 130 մանկապարտեզներ: Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

Դիմելով ոլորտի ներկայացուցիչներին և մաղթելով արդյունավետ աշխատաժողով՝ Արաքսիա Սվաջյանն ասել է.

«Խնդիրները շատ են դաշտում, բայց դրանք լուծելի են միայն ձեր աջակցությամբ: Նաև ձեր օգնությամբ պետության նախաձեռնած ծրագրերը կդառնան իրականություն: Ձեր բոլոր ջանքերը, որ ներդնում եք չափորոշիչն ավելի արդյունավետ գործարկելու նպատակով, հսկայական փոփոխություն են բերելու ոլորտում»:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը նշել է, որ հիմնադրամը՝ որպես մանկավարժների հետ անմիջական աշխատող կառույց, հստակ տեսնում և պատկերացնում է այն պոտենցիալն ու հնարավորությունները, որոնք ինտենսիվ աշխատանքով նպաստելու են ոլորտի զարգացմանը:

«Հանրակրթությունը սկսվում է նախադպրոցական կրթությունից: Մեր աշխատելու սկզբունքը հետևյալն է՝ դուք չպետք է աշխատեք միայն ձեզ համար, այլև ձեր փորձը համակարգում տարածեք ուրիշներին օգնելու նպատակով: Միայն այս ճանապարհով են խնդիրներն ակնհայտ դառնում, և նախանշվում լուծման ուղիները»,- ասել է Արտաշես Թորոսյանը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ընդգծել է, որ նախադպրոցական ոլորտով է պայմանավորված վաղվա քաղաքացու արժեհամակարգի կերտումը, և այդ ոլորտում յուրաքանչյուր ներդրում վաղվա օրվա դրական զարգացման ապահովման գործընթացն է: Ռեկտորն ընդգծել է՝ մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի կողմից շեշտվում են կարևոր հարցեր, որոնց լուծումներն այսօրվա հրամայականներն են:

Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին՝ որպես միջազգային գործընկեր: Նա ներկայացրել է Յունիսեֆի միջազգային հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախադպրոցական տարիքում կրթությունը չափազանց կարևոր է երեխաների համար:

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ անդրադարձել է համընդհանուր ներառական կրթության ներդրմանը նախադպրոցական կրթության ոլորտում՝ կարևորելով համագործակցային աշխատանքով երեխաների հայտնաբերումը, ներառումն ու ճիշտ գնահատումը:

Աշխատաժողովը շարունակվելու է նաև դեկտեմբերի 8-ին: Քննարկվելու են նախադպրոցական կրթության չափորոշչային պահանջները, նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմները, այլընտրանքային նախադպրոցական ծառայությունները և այլն:

  • Կիսվել: