Մեկնարկել է իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Մեկնարկել է իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի անցկացվում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին:
Իմունականխարգելումը՝
- Հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։
- Պատվաստումները պաշտպանում են մարդուն կյանքի բոլոր փուլերում:
- Ապահովում է առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով:
Կարևոր փաստեր
- Պատվաստումն ամենաապահով և արդյունավետ միջոցն է հիվանդություններից պաշտպանվելու համար։
- Հիվանդանալու և դրա բարդությունների ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան պատվաստման հնարավոր բարդություններինը:
Վիճակագրություն և արդյունքներ Հայաստանում
- Պատվաստումների շնորհիվ 1995 թվականից պոլիոմիելիտ չի արձանագրվել, իսկ 2002 թվականից՝ Հայաստանը համարվում է «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակ ունեցող երկիր:
- Դիֆթերիայի վերջին դեպքը գրանցվել է 2000 թվականին։
- 2007 թվականից կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, չնայած 2023 թվականին գրանցվել է բերովի դեպքով պայմանավորված բռնկում:
- 1999 թ. պատվաստումների ներդրումից հետո հեպատիտ Բ-ի սուր դեպքերի կտրուկ նվազում՝ շուրջ 140 անգամ: