չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

44-օրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակության մեջ։ «Իմ Քայլը» հիմնադրամի Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։

Ինչպես հայտնում են հիմնադրամից, պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ի հունվար ամսից՝ թիրախավորելով 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորներին։

Առաջին փուլն իրականացվում է Շիրակի մարզում՝ վիրավոր զինվորների մեծ թվով և գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված։

Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է այն իրականացնել ՀՀ այլ մարզերում ևս։

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման համար ապրիլի 1-ին կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Հուշագրի նպատակն է՝ համատեղել կողմերի ջանքերը պատերազմի մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:

 

Ինչպես նաև, ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ից 14-ը Գյումրի քաղաքում իրականացվել են խմբային ոչ ֆորմալ հանդիպումներ ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած հաշմանդամություն ստացած պատերազմի մասնակիցների հետ, որտեղ բազմամասնագիտական թիմը (ծրագրային թիմ, կարիերայի խորհրդատու, հոգեբան) իրականացրել է կարիքների նախնական գնահատում և ներկայացրել ծրագրի մանրամասները:

Իրականացվել են մարզի գործատուների հետ հանդիպումներ, որոնց նպատակն է վերհանել մարզում առկա թափուր հաստիքները և պահանջվող որակավորումները:

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում՝ մայիսի 18-22-ը՝ Դիլիջան քաղաքում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված մասնակիցները կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, և յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

  • Կիսվել: