կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկնարկել է ՀՀ-ՌԴ «Բարի գործերի ժամանակը» բարեգործական ֆորումը

Մեկնարկել է ՀՀ-ՌԴ «Բարի գործերի ժամանակը» բարեգործական ֆորումը

Բարեգործական ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակումը օգտակար ռազմավարություն է Ռուսաստանի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների համար, անհրաժեշտ է մշտապես փնտրել հնարավորություններ՝ խնդիրները միասին լուծելու համար։ Այս մասին ասել է «Ապրելակերպ» սոցիալական և մշակութային նախաձեռնությունների և խնամակալության զարգացման բարեգործական հիմնադրամի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր սոցիալական ոլորտում խնամակալության խորհրդի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ելենա Բերեգովայան՝ «Բարի գործերի ժամանակը» բարեգործական ֆորումին առցանց միացման ժամանակ:

Ինչպես տեղեկացրին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնից (Ռուսական տուն), դեկտեմբերի 20-ին Երևանում Ռուսական տանը մեկնարկել է Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն «Լավ գործերի ժամանակը» բարեգործական ֆորումը, որը շարունակվել է դեկտեմբերի 21-ին Գյումրիում Ռուսական տանը («Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության մասնաճյուղ): «Հայաստան ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունում սոցիալ-մշակութային նախաձեռնությունների զարգացման և խնամակալության «Ապրելակերպ» հիմնադրամի ներկայացուցիչների մասնագիտական թիմը։ Երևանում և Գյումրիում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցում էին տեղական իշխանությունների, հայաստանյան երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հիմնականում մասնագիտացած են կենդանիների պաշտպանության ոլորտում։ Նիստերի ընթացքում քննարկվել են համակարգային բարեգործության հիմունքները, քաղաքապետարանների և անասնաբուժական վարչությունների հետ աշխատանքը կենդանիների բուժման ծառայությունների ոլորտում, ինչպես նաև օրենսդրական առանձնահատկությունները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Թափառող կենդանիների խնդիրների լուծման ոլորտը շատ բարդ և կարևոր է ցանկացած հասարակության համար։ Թեև տարբեր երկրներում այս ոլորտի խնդիրները նման են, բայց դրանք նաև էական տարբերություններ ունեն։ Առաջադեմ համաշխարհային հանրության տեսակետից թափառող կենդանիներին պետք է ստերիլիզացնել և բացառել նրանց նկատմամբ դաժանությունը։ Նման ֆորումները և քննարկումները շատ կարևոր են, քանի որ խնդիրների լուծումները ծնվում են այսպիսի քննարկումների և երկխոսությունների արդյունքում կամ դրվում են այդ լուծումների հիմքերը։ Այս ֆորումը հենց այդպիսին էր, այն կառուցողական քննարկումներ տվեց, որոնք կդառնան հետագա շփման և համագործակցության երաշխիք»,- ասել է Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը։

«Pro Paws» կենդանիների բարեկեցության բարեգործական կենտրոնի ներկայացուցիչ Նարե Արամյանը նշեց, որ այս ֆորումում ամենակարևորը «համատեղման գործընթացն է»։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է համակարգային բարեգործությունը, ինչու է այն պետք համակարգային լինի և ինչ է նշանակում համակարգային տեսանկյունից կարգավորել յուրաքանչյուր ոլորտ: Սա շատ կարևոր է ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Ինչ վերաբերում է կենդանիների պաշտպանությանը, ապա կարող եմ ասել, որ այստեղ մենք հանգել ենք առանցքային եզրակացության՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը հիմնարար նորմերից է, որը պետք է ներդրվի հանրային գիտակցության մեջ։ Ցավոք սրտի, մեր երկրում սրա հետ կապված դեռ լուրջ խնդիրներ կան։ Պետք է պարբերաբար աշխատել բնակչության հետ, և շատ լավ է, որ նման ֆորումներ են անցկացվում»,- ասել է Նարե Արամյանը, ով Հայաստանում հայտնի է որպես կենդանիների իրավունքների պաշտպան։

Նշվում է, որ Ռուսաստանից ժամանած հյուրերը ներկաներին պատմել են բարեգործության իրենց փորձի մասին, ներկայացրել համակարգային բարեգործության վիճակը, խոսել այն մասին, թե ինչն է խանգարում համակարգային բարեգործության զարգացմանը և ինչը կարող է օգնել լուծելու այդ խնդիրները։ Նրանք ներկայացրել են նաև իրենց նախագծերը՝ «Համակարգային բարեգործության զարգացման արդի ուղղություններ. սոցիալական և մշակութային ձևավորման փորձ» և «Կրթական նախագծերը որպես համակարգային բարեգործական գործունեության զարգացման հիմք»։

Ֆորումի ավարտին հաջորդել են քննարկումներն ու անհատական խորհրդակցությունները, ինչպես նաև Ֆորումի բանաձևի ընդունումը։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում «Ապրելակերպ»» սոցիալ-մշակութային նախաձեռնությունների և խնամակալության աջակցության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով, իրենք տպավորված են Հայաստանում մարդկանց ակտիվության մակարդակով, նրանց հետաքրքրությամբ և փոխգործակցության պատրաստակամությամբ:

  • Կիսվել: