չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է Գյումրու Բարեկամության այգու՝ երկրաշարժից հետո վթարային վիճակում գտնվող հին բեմի վերակառուցման հանրային արշավը

Մեկնարկել է Գյումրու Բարեկամության այգու՝ երկրաշարժից հետո վթարային վիճակում գտնվող հին բեմի վերակառուցման հանրային արշավը

 Գյումրիում հուլիսի 11-ին մեկնարկել է Բարեկամության այգու հին բեմահարթակի վերակառուցման հանրային արշավը, որի նպատակն է դրամահավաքի և հանրային ներգրավվածության շնորհիվ պահպանել բացօթյա բեմի պատմական տեսքն ու վերականգնել դրա երբեմնի մշակութային նշանակությունը։

Արշավը նախաձեռնել է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում:

Զբոսայգու վերջնամասում տեղակայված և 20 մետր երկարությամբ ձգվող բեմահարթակը 1988 թվականի երկրաշարժից հետո գտնվում է վթարային վիճակում․ այն փլուզման վտանգից փրկելու համար առաջնային է ամրակայումը: Ինչպես հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամից, հանրային դրամահավաքի շնորհիվ հնարավոր կլինի կանխել բեմահարթակի փլուզումը և վերակառուցման աշխատանքներ իրականացնել:

 

Դրամահավաքը տևելու է շուրջ երեք ամիս՝ մինչև սեպտեմբերի վերջ, նպատակն է հավաքագրել 100 հազար ԱՄՆ դոլար։ Դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները Հայաստանից, Սփյուռքից և ամբողջ աշխարհից, այդպիսով՝ իրենց ներդրումն ունենալով հին բեմահարթակի վերակառուցման գործում։

«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, չունի հանրային բացօթյա բեմ: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք պահպանել այն, քանի որ հենց այս բեմահարթակի հետ են գյումրեցիները կապում իրենց անցկացրած լավագույն տարիները այգում։ Բազմաթիվ են հիշողությունները հենց այս բեմում տեղի ունեցած համերգներից, մշակութային միջոցառումներից և թատերական ներկայացումներից»,-ասել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը նկատել է՝ Հայաստանում էական խնդիր լուծող հանրային դրամահավաքները կարևոր են ոչ միայն ֆինանսներ ներգրավելու առումով, այլև այդ խնդրի շուրջ հոգատար համայնքի ձևավորման համար՝ լինի Արցախի հեռավոր գյուղում տեխնոլոգիական դպրոց կառուցելը, թե Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում քաղաքի պատմության հետ առնչվող բեմի վերականգնումը։

 

«Հենց նման նախաձեռնություններով են ստեղծվում արդյունավետ համագործակցության մոդելներ, որոնք կարող են կիրառելի դառնալ տարբեր ոլորտներում»,- ասաց նա:

Այգու հեղինակային ճարտարապետական խմբի կողմից մշակվել է այգու բեմահարթակի վերակառուցման նախագիծը՝ ձգտելով այն դարձնել ժամանակակից և յուրօրինակ կառույց։ Վերականգնված բեմահարթակը հնարավորություն կընձեռի Գյումրու և ամբողջ Հայաստանի երաժշտական, պարային և թատերական խմբերին ելույթ ունենալու քաղաքի նոր հանրային բացօթյա բեմում։

«Վերակառուցման արդյունքում բեմի շուրջ տեղակայվելու է անկախ ցանցային «վարագույր»՝ որը տանիքից հոսելով ընդգծելու է կիսավեր կառույցի փխրունությունը: Նուրբ ցանցը, որը գիշերային ժամերին լուսավորվելու է՝ այցելուներին պաշտպանելու է թափվող բեկորներից, քանի որ վերակառուցումից հետո բեմն ամբողջությամբ պահպանելու է իր պատմական տեսքը: Վերակառուցումից հետո, հատուկ լուսավորությունը թույլ կտա լուսավորել կամ բեմը կամ ցանցը՝ կախված նպատակից: Համերգների ժամանակ, օրինակ, հնարավոր կլինի լուսավորել բեմը, իսկ սովորական օրերին՝ ցանցային «վարագույրը»։ Այն կվերածվի յուրօրինակ արտ օբյեկտի՝ զբոսայգու տարածքում»,- ասաց Բարեկամության այգու շինարարական աշխատանքները համակարգող Մուշեղ Գոնչոյանը։

Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում շատ քիչ են երաժշտական հարթակները, իսկ բացօթյա բեմ ընդհանրապես չկա, այս բերմահարթակի վերականգնումը մեծապես նպաստելու է Գյումրիում երաժշտական միջոցառումների անցկացմանը եւ դառնալու է լրացուցիչ խթան երիտասարդ ստեղծագործողների և երաժշտական խմբերի համար։

«Անհամբերությամբ սպասում ենք բեմահարթակի վերագործարկմանը, որպեսզի կարողանանք երիտասարդական երաժշտական հանդիպումների նոր վայր ունենալ Գյումրիում»,- նշեց նա:

Այգին իր տեսակով լինելու է եզակի ամբողջ Հայաստանում և բացի վերականգնված պատմական բեմից, ունենալու է բազմաթիվ այլ օբյեկտներ՝ մանկական և մարզական խաղահրապարակներ, սահադաշտ, Վերնիսաժ, Այգեգործության դպրոց և այլն։

Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը մասնավոր-հանրային համագործակցության ձևաչափով։ Բանախոսներն ընդգծել են՝ վերականգնված զբոսայգին ոչ միայն կնպաստի Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը, այլ նաև կխթանի զբոսաշրջային աճը։

  • Կիսվել: