հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մայիսին մարտի համեմատ ունենք թվի 13 անգամ աճ. Արտավազդ Վանյանը՝ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին

Մայիսին մարտի համեմատ ունենք թվի 13 անգամ աճ. Արտավազդ Վանյանը՝ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին

Համաճարակային իրավիճակը Հայաստանում մնում է խիստ լարված: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա նշեց. «Եթե մարտը համեմատում ենք ապրիլին արձանագրված դեպքերի հետ, ապա մենք ունենում ենք երեք անգամ թվի բարձրացում: Այդ ժամանակ դեռեւս գործում էին սահմանափակումները, շփումները բավականին քիչ էին եւ հնարավորություն կար վերահսկելի դարձնել կորոնավիրուսի վարակի տարածումը: Իսկ մայիսին մարտի համեմատ ունենք 13 անգամ թվի աճ: Բավական լուրջ աճ է արձանագրվել, ինչը խոսում է այն մասին, որ մեզ մոտ սահմանափակումների վերացումից հետո հստակ գնաց մարդկանց կուտակումներ, մեծ թվով շփումներ»:

Վանյանը նշեց, որ վերջին մի քանի դեպքերում հավաքույթները, միջոցառումները, հոգեհանգսիստն ու հուղարկավորությունները բերել են հիվանդության բռնկումների:

Նա նշեց. «Կարեւոր խնդիրներից մեկը բակերում հատկապես երեկոյան ժամերին կուտակումներն են: Մարդիկ կանոնները չպահպանելով շփվում են եւ վարակը արագ տարածվում է:

Մյուս կարեւոր բանը ուխտագնացություններին մասնակցությունն է: Ես ուղղակի հորդորում եմ՝ չմասնակցել ուխտագնցությունների, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ ընթացքում հնարավոր չէ պահպանել անհրաժեշտ հեռավորությունը: Ես նաեւ հորդորում եմ խանութներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Եթե դուրս եք գալիս զբոսնելու, տեսնում եք այդ այգում բազմամարդ է, խուսափեք այդ այգին մտնելուց: Մենք ինքրենս պետք է նվազեցնենք շփումները, եթե դա չենք անում, ունենում ենք այն, ինչ այսօր արձանագրվում է»:

  • Կիսվել: