կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարզային առողջապահությունը զարգացնելու նախանշված բոլոր ծրագրերն իրականացվում են. Թորոսյան

Մարզային առողջապահությունը զարգացնելու նախանշված բոլոր ծրագրերն իրականացվում են. Թորոսյան

Մարզային առողջապահությունը զարգացնելու նախանշված բոլոր ծրագրերն իրականացվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
 
Մարզային այցելությունները շարունակվում են և հաջորդ կետը Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքն է։ Այստեղ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն։
 
Մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետարանի համապատասխան վարչության պետերի և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել եմ շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Իրականացրել ենք որոշակի ճշգրտումներ՝ ժամկետների և շինարարության առանձնահատկությունների վերաբերյալ։
 
Խորհրդային տարիներից ի վեր սա առաջին բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որ կառուցվում է մարզում։ Կառուցման համար անհրաժեշտ որոշումներն ընդունվել էին դեռ անցյալ տարի, իսկ շինարարությունը սկսվել է այս տարի։ Պայմանավորվել ենք, որ մարզպետն իր անմիջական ուշադրության կենտրոնում կպահի ծրագիրը, քանի որ շատ կարևոր նախաձեռնություն է մարզի համար։
 
Հատուկ ուզում եմ շեշտել, որ մարզային առողջապահությունը զարգացնելու ծրագրերն իրականացվում են և մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: