ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել. կարելի՞ է ԱԺ-ում հայհոյել մարդու տոհմը. Ռուստամյան

Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել. կարելի՞ է ԱԺ-ում հայհոյել մարդու տոհմը. Ռուստամյան

Այսպիսի խայտառակ մակարդակի խորհրդարան ես չեմ տեսել, այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարող ընտրել, որովհետև խորհրդարանական մշակույթի հետ այս ամեն ինչը որևէ կապ չունի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:

«Իշխանությունները անգամ չեն էլ հասկանում, որ սա դուրսն էլ են լսում և ամենախայտառակ բնորոշումներն են տալու հաստատ այս խորհրդարանին, մանավանդ այս իշխանություններին։ Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք պետք է ամեն ինչ անեն սանձելու, բայց հիմա իրենք երևի ստացել են հրահանգ. ընտրությունները մոտենում են, ես այդպես եմ տեսնում, որովհետև այս խանդավառ կերպով հայհոյախոսությունները, որ մեկը մյուսին հերթ չտալով խոսում է, նշանակում է ինչ-որ երևի մրցանակ է սահմանվել ցանկում տեղ գրավելու համար՝ ով ավելի հուժկու հայհոյանքներ կարտաբերի։

 

Մենք տեսնում ենք, որ մարդիկ կան, որոնք այս ընթացքում չէին էլ դրսևորվել։ Հիմա ինչ-որ գնահատական տալու խնդիր էլ չկա, որովհետև այնքան պերճախոս է, ինչ որ իրականում տեղի է ունենում, մարդկանց աչքի առաջ է դա կատարվում, և սրանից ակնհայտ որևէ բան ասելը ուղղակի անհնար է։

Քաղաքական դաշտում էլ ակտիվ մարդիկ կան, որ հայհոյախոսությամբ են իրենց դրսևորում, երևի մտածում են, որ սա էլեկտորատ է իրենց ապահովում և փորձում են այդ այդ էլեկտորատից օգտվել»,–ասաց նա։

Ռուստամյանը նաև նշեց. «Լևոն Քոչարյանը իրեն շատ կոռեկտ է պահել։ Այն, ինչ իր դեմ ասել են, որևէ անձ... ես անգամ զարմանում եմ, որ ինքը կարողացել էլ այդքան էլ համբերել։ Աայն ինչ որ իր դեմ ասում են և իր հասցեին են ասում, ամեն մարդ չի կարող տանել»։

  • Կիսվել: