հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարուքյանը լուրջ չի վերաբերում Վանեցյանի հայտարարությանը

Մարուքյանը լուրջ չի վերաբերում Վանեցյանի հայտարարությանը

Եթե մտահոգություններ կային, ապա Արթուր Վանեցյանը պետք է որոշակի գործողություններ իրականացներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Սորոսի» գրասենյակի մասին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ այն վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։

«Արթուր Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, Բաց հասարակությունների հիմնադրամը Հայաստանում գործում է երկար տարիներ՝ այն ժամանակ, երբ Վանեցյանը եղել է Էրեբունի շրջանի ԱԱԾ պետ, երբ եղել է Կենտրոն վարչական շրջանի պետի տեղակալ, երբ եղել է ԱԱԾ տնօրեն: Հետևաբար, եթե մտահոգություններ կային, ապա նա պետք է որոշակի գործողություններ իրականացներ»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա, պետք է քրեական գործեր լինեին՝ որևէ կառույց փակելը կամ դրա գործունեությունը քննարկման առարկա դարձնելու համար․ «Գիտեք, որ Հայաստանում չի կարող ոչ կառավարական կառույցը փակվել առանց դատարանի, քանի որ դրանք հատուկ կարգավիճակ ունեն»:

Այսպիսով, Էդմոն Մարուքյանը Վանեցյանի հայտարարությունները գնահատում է որպես տոտալ քաղաքական՝ հնարավոր ինտրիգ պահելու և ապագայում սպասելիք ձևավորելու առումով։

«Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ երեք առանցքային պաշտոններում չկան նշանակված պաշտոնյաներ՝ ՊՎԾ պետ, ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ: Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ այս պաշտոններում այսքան երկար ժամանակ նշանակում չլինի, լինեն ԺՊ-ներ: Իսկ ԺՊ-ները չգիտեն՝ իրենք հետագայում լինելու են, թե՝ ոչ, ինչը հերթական անորոշությունն է, ինչը վատ է: Ես չեմ կարծում, թե այս անորոշության մեջ ինչ-որ մեկը զբաղվելու է Վանեցյանով: Ավելին ասեմ՝  դրա զբաղվելու կարիքը մեծ հաշվով  չեմ տեսնում։ Այսինքն՝ փորձ է արվում ուշադրություն գրավել տարատեսակ նմանատիպ հայտարարություններով՝ Հայաստանի օրակարգը լցնելով ինչ-որ թեմաներով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը լուրջ չի վերաբերում Վանեցյանի հայտարարությանը:

 

  • Կիսվել: