ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտահրավերները պարզապես այլ անունների ներքո են ծառանում. Տեր Վահրամը՝  Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի շուրջ

Մարտահրավերները պարզապես այլ անունների ներքո են ծառանում. Տեր Վահրամը՝ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի շուրջ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր մտորումները Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի շուրջ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Համոզումս է, որ այս նախագծի շուրջ գործընթացները ճիշտ հունավորում չեն ստանում։ Նախ, այդպիսի կարևորության փաստաթղթի առնչությամբ հանրային լայն քննարկումները ՊԵՏՔ Է նախորդեին և ոչ թե հետևեին փաստաթղթի նախագծի հրապարակմանը։ Փաստաթուղթը պետք է հետևանքը և ամփոփումը լիներ հասարակության մեջ քննարկումների միջոցով կատարված հստակեցումների և գոյացած համաձայնության։ Ի վերջո, այս փաստաթուղթը կոչված է ներկայացնելու մեր երկրի ապագա քաղաքացու կերպարի շուրջ ՄԵՐ՝ ամենքիս տեսլականը։ Եվ այս առումով խիստ կարևոր էր, որ տեսլականի ձևավորման ու շարադրման գործընթացին, բացի առանձին փորձագետներից, մասնակից դառնար ոչ միայն ողջ հասարակությունը, այլ հիմնականում և նախևառաջ այն ազգային հաստատությունները, այդ թվում՝ և Հայոց Եկեղեցին, որոնք ժամանակների թելադրությամբ և այսօր իրավունքի ուժով պատասխանատվություն են կրում մեր ժողովրդի և շարունակ արարվող պատմության առջև։

Մենք պետք է քննարկեինք և պատասխան տայինք հետևյալ հարցերին՝ ա․ Ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի հայը և ՀՀ քաղաքացին, ըստ այդմ՝ բ․ Որ ուղղությամբ պետք է զարգանա մեր հայրենին, և ապա՝ գ․ Որոնք են առաջադրված նպատակների իրականացման ուղիները։ Մեկնակետը, այնուամենայնիվ, ԱՐԺԵՔԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ է։ Հարցերի պատասխանները պետք է ձևավորվեն և իրենց հիմնավորումը գտնեն ոչ թե ինչ-ինչ անհատների մտապատկերում և աշխարհընկալման մեջ, այլ անգամ ամենածանր քննարկումների արդյունքի շուրջ հանրային հանձնառության պատրաստակամության ծիրում։ Այդ ուղղությամբ սոսկ անհատական նախաձեռնություններին ենք ականատես ու մասնակից դարձել։

Փաստ է, աշխարհում այսօր տեղ գտնող զանազան երևույթներ և աշխարհաքաղաքական զարգացումները ազգերին և պետություններին մղում են դառնալու սեփական արմատներին, քայլեր ձեռնարկելու սթափվելու և կառչելու ազգային-հոգևոր արժեքներին։ Մեր ժողովրդի պարագային ազգային ինքնության գիտակցությունն ու պահպանումը և դրա փոխանցումը գալիք սերունդերին դարեր շարունակ ուղղակի դիտարկվել է ազգի շարունակականության և ինքնապահպանման գրավական։ Այս գիտակցությամբ հենց հայկականությամբ ու ազգային արժեքներով թրծված միտք և հոգի ունեցող քաղաքացի ու հայրենակից պատրաստելուն է ուղղված եղել վանական դպրոցների, վարդապետանոցների, միջնադարյան համալսարանների, ընծայարանների ու վարժարանների՝ Հայոց Դպրոցի առաքելությունը, որի արդյունքները ժամանակների մեջ միմիայն հպարտության առիթ են ընծայել մեր ժողովրդին։ Իրավիճակը ըստ էության շատ չի փոխվել, մարտահրավերներն էլ պարզապես այլ անունների ներքո են ծառանում։

Անհերքելի է, որ հենց հայագիտական առարկաներն են արժեհամակարգ սնող և ինքնության ընկալումն ամրապնդող կրթական բաղադրիչները։ Նոր չափորոշչով հայագիտական առարկաների ծավալային նվազեցումն աստիճանաբար հանգեցնելու է ազգային ինքնության գիտակցության և հայեցի մտածողության տկարացմանը ու մեծ վնաս է հասցնելու ընդհանրապես հայրենաճանաչությանը, ազգային ինքնագիտակցությանը։ Կրթության նպատակը պետք է ճիշտ ընկալենք։

Մեկ այլ հաստատում էլ առանց լրացուցիչ մեկնաբանության. աշխարհաճանաչողությունը նախևառաջ բխում է ինքնաճանաչողությունից։ Իսկ համաշխարհային արժեքներն ընկալելի և որդեգրելի են միմիայն սեփական արժեքների ճանաչողության պրիսմակով՛՛։

 

 

  • Կիսվել: