կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայոց Բանակ կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին. Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

Հայոց Բանակ կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին. Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:

«Պարոնա՛յք սպաներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ,

Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։

Արցախյան վերջին պատերազմների ընթացքում մենք ականատես եղանք Հայոց Բանակի զինվորի և սպայի անօրինակ բազում սխրանքների։ Սա կնշանակի, որ կորած չէ մեր բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում։ Ուստի սիրելիներ, այսօր առավել քան երբևէ, Հայոց Բանակը կարիք ունի մեր սիրո և անկեղծ հոգատարության։

Հավատալով մեր փառապանծ Բանակի արժանապատիվ ու հաղթանակած ապագային` կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առիթով և աղոթում, որ Ամենակարող Աստված զորացնի հայ զորականի բազուկը և անսասան պահի Հայոց մեր երկիրը»,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: