Մաքուր տղաների անունները մի շոշափեք, ես չգիտեմ՝ ինչքանով է իրական թմրանյութ օգտագործելը․ կացարանի հրդեհից զոհված Նարեկ Ավագյանի մայր
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստի մեկնարկին զոհված զինծառայող Նարեկ Ավագյանի մայրը անդրադառնալով տուժող Լեւոն Խառատյանի՝ նախորդ դատական նիստի հարցաքննությանը՝ հանդես եկավ հայտարարությամբ։
«Ես չգիտեմ՝ ինչքանով է իրական թմրանյութ օգտագործելը, սակայն Նարեկը 10 տարեկանից սպորտով է զբաղվել, կյանքում չի ծխել։
Ես չգիտեմ՝ մեկ տարվա մեջ բանակում ինչ է փոխվել։ Լավ կլիներ, որ Լեւոնը սկսեր իրենից, թե ում հետ է կոնֆլիկտներ ունեցել։
Նարեկը ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել։ Մաքուր տղաների անունները մի շոշափեք։ Նարեկի հետ ոչ թե մոտ է եղել Լեւոնը, այլ հարմար է եղել մոտ լինելը։ Խնդրում եմ՝ 15 տղաների անունները չշոշափել»,- իր խոսքում ասաց զոհվածի մայրը։
Հիշեցնենք՝ նախորդ նիստին տուժողը հայտարարեց, որ զինծառայողների ու վերադասի միջև հարաբերությունների լարվածություն եղել է, պատճառը զինվորների կողմից թմրանյութ պատվիրելն է եղել։


