երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել է

Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱԱԾ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով, փետրվարի 22-ին հայտնաբերվեց ու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 25-ամյա մի երիտասարդ։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «տելեգրամի» միջոցով իրացվեին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։

Միջոցառումները շարունակվեցին։ Իրավապահները խուզարկեցին 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։

  • Կիսվել: