չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մանկապարտեզների տնօրեններին հրավիրել են վարչական շրջանի շենք, «Օղակ» օպերացիան կազմակերպել. Առաքելյան

Մանկապարտեզների տնօրեններին հրավիրել են վարչական շրջանի շենք, «Օղակ» օպերացիան կազմակերպել. Առաքելյան

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ Շենգավիթ վարչական շրջանի շենքում 21 մանկապարտեզի տնօրենների ստորացման ակտ է կազմակերպվել:

Նա, մասնավորապես, նշեց. «Շենգավիթ վարչական շրջանների 21 մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են վարչական շրջանի շենք, և այնտեղ «Օղակ» օպերացիան է կազմակերպվել։ Այսպես դետեկտիվ ժանրում մանկապարտեզի տնօրենների ստորացման ակտ է կազմակերպվել։ Դրա արդյունքում և մարդկանց անմեղության կանխավարկածի խնդիրներ առաջացան, հատկապես այս մարդկանցից որևէ մեկը քրեական գործով չի անցնում, այդ պարագայում «միլիցա» բերել տնօրենների վրա՝ չգիտեմ, բարոյական և իրավական և բոլոր կողմերով անընկալելի է։ Ձեր թիմում շատերը ողջունեցին՝ բռնել երեխաների հաց ուտողներին,  այս մարդկանց պարսավանքի ենթարկեցին սոցիալական ցանցերում։ Այո, ես համաձայն եմ, ես չեմ բացառում, որ կարող են այսպիսի դրսևորումներ լինել մանկապարտեզներում, բայց կան ավելի կարևոր իրավական գործընթացներ» ։

Նրան ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ խնդիրն այն է, որ պարբերաբար մանկապարտեզներում սննդի հետ կապված խնդիրներ են առաջանում, բնականաբար վարչական շրջանները փորձում են մաքսիմալը անել, որ երեխաներին հասնի որակյալ սնունդ, ճիշտ չափաբաժիններով, եւ դա գերնպատակն է, իսկ թե ինչպես, ըստ քաղաքապետի, ամեն վարչական շրջանի ղեկավար յուրովի է անում։ «Կարծում եմ՝ քաղաքապետարանը պետք է սպառի բոլոր միջոցները, այնուհետև պետք է դիմել այլ գերատեսչությունների։ Այստեղ կար մի հանգամանք, որ քաղաքապետարանը այս էքսպերտիզան չէր կարող անել, դրա համար էլ, կարծում եմ, վարչական շրջանի ղեկավարը դիմել է այլ գերատեսչության»,-ասաց նա:

«Չեմ կարծում, որ 21 մանկապարտեզների տնօրենները սննդի թալանով են զբաղված։ Սրանք խայտառակ մեկնաբանություններ են»,-արձագանքեց Առաքելյանը:

Թեմային անդրադարձավ նաեւՇենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը: Նա ասաց, որ այդ հանդիպումը նախապես պայմանավորված է եղել, որը տեղի է ունեցել վարչական շրջանի վարչական շենքում, կրթության, գիտության և սպորտի բաժնի կողմից, բնավ կապ չուներ այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների հետ։ «Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում հիմնավոր կասկածներ ունեինք մանկապարտեզների գրանցամատայանների վերափոխումների հետ կապված, որի մասին տեղեկացրել ենք ՀՀ ոստիկանությանը, խնդրել ենք ուսումնասիրություն իրականացնել, քանի որ մենք նման գործառույթ չէինք կարող իրականացնել։ Ես բնավ չեմ մտածում, որ մանկապարտեզների տնօրենները հանցագործներ են, ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրություն իրականացնել և իրավական գնահատական տալ։ Մենք հանդիպումն ուղղակիորեն անցկացրել ենք մեր վարչական շենքում՝ հաշվի առնելով որ ոստիկանության 5 աշխատակիցները պատրաստվել էին մատյանները վերցնել ուսումնասիրության, ես լիազորված չեմ պատասխանել, թե իրենք ինչու են եկել, այդ ձևաչափով աշխատել»,-ասաց նա:

 

  • Կիսվել: