Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր, առաջին տեղում դարձյալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերն են. Ստեփանյան
«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ողջ տարվա կտրվածքով իրականացրել են 322 հազար 167 կանչ: 2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելին է՝ 2019 թվականի համեմատությամբ:
«Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր․ 8071 կանչով իրականացրել ենք ավելի պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց ենք տեղափոխել 3911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին», – ասել է Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է կանչերի բնույթին, առաջին տեղում դարձյալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերն են, ապա կանչերը՝ սուր շնչառական հիվանդությունների և վնասվածքների համար.
«Ի դեպ, պետք է ասեմ, որ 4068 կանչով ավելի քիչ ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»։