Մանարյանը 2000-ական քաղաքական պայքարներից մնացել է որպես մեր պայքարի ընկերներից մեկը. նախարար
Նա մեծ ժառանգություն է թողել։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականին, ըստ էության, իր պայքարի եւ իր քաղաքացիական դիրքորոշման արդյունք էին, որովհետեւ մենք նրան տեսել ենք որպես իրական մտավորական քաղաքացի։ Այս մասին այսօր Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթացող Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշեց. Նրա խոսքը շատ կարեւոր էր։ Նա տարբեր հասարակական իրադարձությունների ժամանակ կարող էր խոսք ասել, եւ իր խոսքը նոր իրադարձությունների առիթ դառնար եւ իրավիճակ փոխեր։ 2000-ական քաղաքական պայքարներից մնացել է որպես մեր պայքարի ընկերներից մեկը, ով ամենուր էր, եթե պետք էր աջակցություն կամ մտավորականի խոսք։Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ Մանարյանի մահը մեծ կորուստ էր: «Մեծ կորուստ է ոչ միայն մեծ արվեստագետի, ում հիշելիս ջերմ հիշողություններ ես ապրում, այլեւ քաղաքացու, ով միշտ եղել է բոլոր քաղաքացիների կողքին։ Երբեք չի խորշել իր կարծիքը հայտնել որեւէ հարթակում, միեւնույն ժամանակ մնալով իր ոլորտի նվիրյալ»,-նշեց նա:
Հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կառավարության եւ ԱԺ անդամներ, մտավորականներ, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստի երկրպագուներ։
Հիշեցնենք, որ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 95 տարեկան հասակում։