երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մալումայից մինչև Ադել․ համաշխարհային աստղերի՝ Վրաստանում սպասվող համերգները կեղծ են

Մալումայից մինչև Ադել․ համաշխարհային աստղերի՝ Վրաստանում սպասվող համերգները կեղծ են

Համացանցում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելի (Adele)՝ Վրաստանում կայանալիք համերգի վերաբերյալ տեղեկություններ։

Ֆեսյբուքում տեղադրված միջոցառմանը (event) մասնակցողների (is going/is interested) թվում կան մեծ թվով հայեր։ Նրանցից շատերն անգամ մեկնաբանություններ էին թողել՝ հասկանալու, թե ինչպես կարող են տոմսեր ձեռք բերել։

Առաջին դեպքը չէ, երբ համաշխարհային աստղերի՝ Վրաստանում սպասվող համերգների վերաբերյալ տեղեկություններ են տարածվում։ Այդ համերգները, սակայն, այդպես էլ տեղի չեն ունենում։

#CivilnetCheck-ն ուսումնասիրել է նման տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան էջերը, ինչպես նաև խոսել համերգների կազմակերպմամբ զբաղվող մասնագետի հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է տարբերել համերգի վերաբերյալ կեղծ հայտարարությունն իրականից։

Միջոցառումը ստեղծվել է անհայտ ընկերության կողմից

Ադելի համերգի վերաբերյալ ֆեյսբուքյան միջոցառումը ստեղծվել էր Vip Promo ֆեյսբուքյան էջի կողմից։ Միջոցառման վերաբերյալ ամբողջ տեքստը վրացերեն է։ Նշվում է, որ համերգը տեղի է ունենալու 2024-ի հուլիսի 27-ին Բաթումիում։


էկրանապատկերը՝ Ֆեյսբուք սոցցանցից

Բացի այդ, Vip Promo կայքը 2024-ի համար այլ միջոցառումներ է ստեղծել, ըստ որոնց նախատեսում է կոլումբիացի երգիչ Մալումայի (Maluma), բրիտանացի երգիչ Էդ Շիրանի (Ed Sheeran), Լեդ Զեփելին և Սիմփհոնիքի (Led Zeppelin & Symphonic) համերգները Վրաստանում։

Vip Promo էջի համաձայն՝ Էդ Շիրանը պետք է Վրաստանում համերգ ունենա 2024-ի սեպտեմբերի 7-ին։ Բրիտանացի երգիչն իսկապես համերգ ունի 2024-ի սեպտեմբերի 7-ին, բայց համերգը ոչ թե Վրաստանում է լինելու, այլ Կիպրոսում։


էկրանապատկերը՝ Ed Sheeran-ի պաշտոնական կայքէջից

Նախկինում ևս վրացական ֆեյսբուքյան տարբեր էջեր համաշխարհային աստղերի համերգների վերաբերյալ նույն գործելաոճով տեղեկություններ են տարածել։

Այդպես, տեղեկություններ էին տարածվում ամերիկացի ռեփ արտիստ Էմինեմի (Eminem), կանադացի երգիչ Ջասթին Բիբերի (Justin Bieber) Վրաստանում սպասվող համերգների մասին, որոնք այդպես էլ տեղի չունեցան։

Հայաստանում Ֆիֆթի սենթի (50 cent) համերգի կազմակերպիչ «Հայա ֆեստիվալ» (Haya festival) կազմակերպության տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ համաշխարհային մակարդակի արտիստների հրավիրելու համար հրավիրող կազմակերպությունը պետք է լուրջ կշիռ ունենա, որ արտիստն ընդունի հրավերը։

«Համերգ կազմակերպելն այդքան հեշտ չէ․ կա բանակցային, պայմանագրային և վճարային գործընթաց։ Երբ պայմանագիրը կնքվում է, փոխանցվում են կանխավճարները, արտիստն իր էջում նշում է համերգի մասին»,- ասում է Հովհաննիսյանը։

Մասնագետը կարծում է, որ վրացական կայքերը նման տեղեկություններ են տարածում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար։

Իսկ հասկանալու համար, թե համերգի վերաբերյալ տեղեկությունները ճիշտ են, թե կեղծ, Սոնա Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս ստուգել արտիստի, համերգը կազմակերպող կազմակերպության, ինչպես նաև տոմսերի վաճառքով զբաղվող վստահելի կայքերը, ինչպես, օրինակ, bandsintown.com կայքը, որտեղ տեղադրվում են համաշխարհային մակարդակի արտիտների համերգների վերաբերյալ տեղեկությունները։

Վրացական Vip Promo էջի մասին

Vip Promo կայքի ֆեյսբուքյան էջը հիմնադրվել է 2015-ին։ Էջը կառավարվում է Վրաստանից։ Ֆեյսբուքյան էջում նշված է նաև Vip Promo կայքը՝ vippromogirls.com-ը, որն իր հերթին ստեղծվել է 2020-ին Իռակլի Կոբիարիձեի կողմից, իսկ որպես կայքի էլեկտրոնային հասցե նշված է [email protected]-ը։


էկրանապատկերը՝ who is կայքից

Էջը, սակայն, որևէ կապ չունի համերգների կազմակերպման հետ։ Vip Promo-ն առաջարկում է 20-28 տարեկան անձանց կեղծ հարաբերությունների, գումարի դիմաց հաճախորդին հանդիպումների ժամանակ ուղեկցելու և նմանատիպ այլ ծառայություններ։


էկրանապատկերը՝ Vip Promo-ի ֆեյսբուքյան էջից

Ինչ վերաբերում է Ադելի և համաշխարհային այլ արտիստների համերգներին, ապա ֆեյսբուքյան բոլոր միջոցառումների (event) դեպքում համերգների վերաբերյալ տեղեկատվությունը վրացերեն է, բոլորի դեպքում տեքստը գրեթե նույնն է։

Համերգի կազմակերպիչները առաջարկում են տարածել համերգի մասին տեղեկությունները՝ օգտագորեծելով #AdeleOnTheRoad#VipPromo#Georgiatravelmoments հեշթեգերը։ Վերը նշված բոլոր համերգների դեպքում հեշթեգերը նույնն են՝ միայն արտիստների անուններն են տարբեր։

Ֆեյսբուքյան էջից հնարավոր չէ տոմսեր գնել, նշված է, որ տոմսերը շուտով հասանելի կլինեն tkt.ge կայքում, որը տոմսերի վաճառքով զբաղվող վստահելի կայք է, սակայն, երբ այցելում ես tkt.ge, այս համերգների վերաբերյալ որևէ տոմս հասանելի չէ։

Էջում նշված հեռախոսահամարները չեն գործում, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակները նույնպես անպատասխան են մնում։

Ըստ երևույթին, Vip Promo ֆեյսբուքյան էջի կամ համաշխարհային արտիստների համերգների վերաբերյալ լուրեր տարածող այլ էջերի հիմնական նպատակը հեշթեգերի միջոցով իրենց էջերի դիտելիությունը բարձրացնելն է։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Vip Promo-ի կայքի էլեկտրոնային հասցեն [email protected]-ն է, գուցե նպատակ են ունեցել նաև հետագայում տոմսերի վաճառքով զբաղվել։

Այնուամենայնիվ, նշված համաշխարհային արտիստների՝ Վրաստանում կայանալիք համերգների վերաբերյալ լուրերը կեղծ են, իսկ ֆեյբուքյան նման միջոցառումներ ստեղծելու նպատակը՝ անհասկանալի։

  • Կիսվել: