հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մահացել է Վանո Սիրադեղյանը

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Երեկ 74 տարեկան հասակում մահացել է գրող-հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Այդ մասին հայտնում են նրա ընտանիքի անդամները։

Մահվան պատճառների, ինչպես նաև հուղարկավորության վայրի և ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում։

Վանո Սիրադեղյանը  1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։ 

Վ. Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ էր, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը:

Վ. Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ՝  բանդիտիզմ, հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն, կաշառքի ստացում, իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում, գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում,
ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել:

1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին, և  նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվում:

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վ. Սիրադեղյանի փախուստը, ով առայսօր գտնվում էր հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

«Կիրակի», (Երևան, 1983)

«Շատ չհամարվի» (Երևան 1993)

«Ծանր լույս»

«Երկիր։ Ցպահանջ»

«Ձեռքդ ետ տար ցավի վրայից»

«Գյադաների Ժամանակը»:

 

  • Կիսվել: