չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մահացել է Խաշթառակից կապտուկներով եւ մկնդեղային թունավորմամբ հոսպիտալացված երեխաների քեռու կինը

Մահացել է Խաշթառակից կապտուկներով եւ մկնդեղային թունավորմամբ հոսպիտալացված երեխաների քեռու կինը

Խաշթառակցի կինը, որ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն»-ում էր, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սեւանի բուժկենտրոն, ուր եւ երեկ մահացել է: Այս մասին այսօր գրեցին լրատվամիջոցները՝ մահացողին նույնականացնելով խաշթառակցի 28-ամյա կնոջ հետ, որը մեղադրվում է իր հինգ եւ ամուսնու քրոջ երկու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու համար (երեխաների պապը նույնպես մեղադրվում է նրանց դաժանորեն ծեծելու համար):

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սեւանի բուժկենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը հայտնեց, որ երեկ բուժկենտրոնում գրանցվել է կնոջ մահվան դեպք: Մահվան պատճառների մասին առայժմ տեղեկատվություն չկա: «Դա կարող եմ ասել, երբ լինի դատաբժշկի եզրակացությունը, որը կլինի հերձումից եւ հետազոտություններից հետո: Կինը մեզ մոտ տեղափոխվել էր շատ ծանր վիճակում»,- ասաց նա:

«Սեւանի ԲԿ-ում, իրոք, մահացել է խաշթառակցի մի կին, սակայն նա նշված գործի հետ կապ չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը: Նրա խոսքով՝ շատերն են թյուրիմացաբար մտածել, թե մահացողը ծեծված երեխաների մայրն է, սակայն նա մեղադրյալը չէ, այլ՝ նրա եղբոր կինը, որ նշված գործի հետ որեւէ առնչություն չունի:

Հիշեցնենք, որ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4 եւ 6-ամյա թոռներին։ Նույն օրն իր յոթ թոռները տեղափոխվել էին բուժկենտրոններ՝ կապտուկներով եւ մկնդեղից թունավորված: Երկու օր անց 6-ամյա տղան հիվանդանոցում մահացել էր։ Ապաքինվելուց հետո երեխաները տեղափոխվել են «Մանկան տուն», մինչդեռ նրանց պապը առողջական վիճակի ծանրացման հետեւանքով՝ «Արմենիա» ԲԿ. նրա արյան մեջ եւս մկնդեղ էր հայտնաբերվել:

Խոշտանգված երեխաների պապին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով), իսկ երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով)։

 

  • Կիսվել: