հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լոռու մարզում ոստիկանները հայտնաբերել են որսագողին, ով աղվեսի ապօրինի որս է իրականացրել

Լոռու մարզում ոստիկանները հայտնաբերել են որսագողին, ով աղվեսի ապօրինի որս է իրականացրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ոստիկանության մարզային վարչությունների և ոստիկանության բաժինների պետերին խիստ հանձնարարական է իջեցվել, որպեսզի ոստիկանները տեղում ակտիվ պայքար տանեն որսագողության դեմ:  

Որսագողության դեմ պայքարի աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի վրա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի շրջանակում ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության հերթական դեպքն են բացահայտել փետրվարի 2-ին:  

Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել:   Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի:  

Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ:   Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել:  

Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:   Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում:  

Արայիկ Խ.-ն բաց է թողնվել: 

  • Կիսվել: