ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը

Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և Առողջապահության նախարարի առաջին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները:

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:

Լ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ըստ ծրագրի, նորաստեղծ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է բժիշկների ու բուժակների, որոնք միջազգային և տեղական մասնագետների հետ վերապատրաստումներից և որակավորումներից հետո 2 տարի ժամկետով գործուղվելու են այն գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Փորձնական ծրագիրը 2023 թվականին մեկնարկելու է Լոռու մարզից:

Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը ողջունել է նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել՝ նշելով, որ այսօր էլ մարզում կան համայնքներ, որտեղ մանկաբույժների, նեղ մասնագետների, ընտանեկան բժիշկների պակաս կա. «Ներդրված համատեղ ջանքերով պետք է կարողանանք այս խնդիրը լուծել հանուն մեր բնակիչների առողջության պահպանման»:

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն իր խոսքում ևս կարևորել է առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող գործընթացը: Նա նշել է, որ նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, ներզատաբանների և այլն, խիստ պակաս կա հատկապես գյուղական բնակավայրերում: Ներկաները հույս են հայտնել, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա:

  • Կիսվել: