հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լոռու մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունը կրթության և ՏՏ ոլորտներում

Լոռու մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության ընդլայնման հնարավորությունը կրթության և ՏՏ ոլորտներում

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
 
Նա շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին մարզ այցելելու համար։ Մարզպետն իր ողջույնի խոսքում կարևորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և մշտական աջակցությունն ուղղված հայ ժողովրդին՝ շնորհակալաբար նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եղել ամենադժվար օրերին՝ պատերազմական ժամանակաշրջանում, համավարակի դեմ պայքարում, 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ։ Մարզպետն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության կողմից հայերի նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության ճանաչումը և Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության սահմանումը։
 
Ա․ Խաչատրյանն իր խոսքում համառոտ ներկայացրել է մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ նախորդ տարիներին շատ կարևոր համատեղ ծրագրեր են իրականացվել հատկապես զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներում։
 
Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամական և գործակցային կապեր հաստատվել են դեռևս 1967-ին՝ Կիրովական-Բանյո բարեկամության պայմանագրի ստորագրմամբ։ 2011-ից Լոռու մարզը Ֆրանկոֆոնիայի երկրների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է։ 2008 թ․ Լոռու մարզի և Ֆրանսիայի Հանրապետության ՊԱԿԱ ռեգիոնի միջև կնքվել է շրջանակային պայմանագիր, իսկ 2012 թ․՝ համագործակցության համաձայնագիր։
 
Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը հանգամանորեն ներկայացրել են մարզում իրականացված համատեղ ծրագրերը։ Մարզի ղեկավարը ափսոսանքով տեղեկացրել է, որ ծրագրերը հիմնականում ընդհատվել կամ պասիվ բնույթ են ստացել համավարակի հետևանքով և մի շարք այլ պատճառներով՝ ցանկություն հայտնելով դրանց նոր թափ հաղորդել։
 
Դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, ողջունել է Լոռու մարզի համագործակցությունը ՊԱԿԱ ռեգիոնի հետ։ Նա կարևորել է համագործակցության վերագործարկման ուղղությամբ տարվելիք աշխատանքների իրականացումը՝ դիտարկելով գործակցության ընդլայնման հնարավորությունը՝ ներառելով նաև կրթության և ՏՏ ոլորտները։
 
Ի դեպ, առաջիկա ամիսներին նախատեսվում է ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահի այցը Լոռու մարզ, ինչպես նաև մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության մասնակցությունը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին, որը կկայանա Լիոնում։
 
Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումները համագործակցության վերականգնման, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման հիմք կհանդիսանան։
 
 

  • Կիսվել: