կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Պետական բարձր պարգևն այսօր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Վահրամ Դումանյանը հանձնել է Լավրենտի Միրզոյանին: «Սա Ձեր վաստակի համեստ գնահատականն է: Մենք շատ հպարտ եք Ձեզնով: Դուք Հայոց լեզվի, մեր մշակութային ավանդույթների պահապանն ու զարգացնողն եք: Շնորհավորանքի և լավագույն բարեմաղթանքների խոսքեր ենք փոխանցում անձամբ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից»,– նշել է Վահրամ Դումանյանը:

Լավրենտի Միրզոյանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ երբևէ մեդալի կամ շքանշանի համար չի աշխատել, այլ փորձել է «իր պարտքը կատարել՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: «Շնորհակալ եմ նման գնահատանքի համար: Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ տարիների վաստակը»,– նշել է Լավրենտի Միրզոյանը:

 

  • Կիսվել: