չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լավ կադրերին պետական համակարգում պահելու համար պետք է նորմալ վարձատրել. Թունյան (տեսանյութ)

Լավ կադրերին պետական համակարգում պահելու համար պետք է նորմալ վարձատրել. Թունյան (տեսանյութ)

Լավ մենեջերներ ներգրավելու կամ լավ կադրերին պետական համակարգում պահելու համար պետք է մարդկանց նորմալ վարձատրել, ավելի ցանկալի կլիներ, որ աշխատավարձերի քաղաքականությունը փոխվեր, այսինքն՝ եթե գտնում ենք, որ ցածր են, պետք է բարձրացվեն, իսկ պարգևավճարը լիներ մոտիվացիայի առարկա: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խոսելով ամեն ամիս տրվող պարգևավճարների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դրա համար հիմա մշակման փուլում է հանրային կառավարման ռեֆորմը, որը, հույս ունեմ, գոնե առաջիկա ամիսներին արդեն կլինի: Այս մասով ընդունում եմ քննադատությունը, որ մենք դանդաղ ենք գործընթացն իրականացնում ու դրա հետևանքով մեզ վրա քննադատության մեծ ալիք ենք բերել, բայց նաև ուզում եմ ասել, որ օրինակ՝ ԱԺ պատգամավորները մեկ տարուց ավելի է՝ պարգևավճարներ չեն ստացել, Կառավարության անդամների մի մասը ստացել է, մի մասը՝ ինքնակամ հրաժարվել՛՛:

Թունյանն անդրադարձավ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն առաջարկին, համաձայն որի՝ քաղաքացիներին վարկային ներման հնարավորություն պետք է տալ: Այս առնչությամբ պատգամավոն ասաց, որ  լավ է հնչում, երբ ասում են՝ վարկերը պետք է ներել, սակայն պետք է հասկանալ, թե այդ գումարը որտեղի՞ց:

՛՛Պետությունը չի կարող բանկին ասել՝ մարդկանց վարկը ներիր: Ես հիմա կասեմ, թե ինչքան են տրվող պարգևավճարները և առաջարկվող ներվող վարկերի չափը. 20 հազար պետական ծառայողների համակարգում բաժանվում է պարգևավճարներ ու այդ 20 հազար աշխատողների մեջ էլ կան վարկառուներ:

Պարգևավճարների չափն ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար մի քանի միլիոն դոլարի են հասնում, իսկ դուք գիտե՞ք, թե մինչև 3 մլն դրամ վարկ ունեցողների բոլոր վարկերի ծավալն ինչքան է, իմ գնահատականներով՝ մոտ 800 մլրդ դրամից ավելի կամ 1.5 մլդ դոլար, այս առաջարկն անողը պետք է ցույց տա նաև այն գումարի տեղը, որով պետք է բանկերի գումարը տալ:

Բայց եթե մտածում են, որ բյուջեի հաշվին պետք է այդ վարկերը ներվեն, ապա այս դեպքում հարց է առաջանում. իսկ արդյո՞ք հարկատուները դրա հետ համաձայն են: Ականջահաճո հայտարարություններ անելը հասկանալի քաղաքական նպատակներով, բայց մյուս կողմից ավելի ազնիվ կլինի, եթե առաջարկն անելուց հետո նաև դրա բացատրությունը տրվեր ու փողի աղբյուրը, եթե իրենց սեփական փողերն են պատրաստվում ներդնել՝ խնդրեմ՛՛,-ասաց Թունյանը:

 

  • Կիսվել: