չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կոտայքի պարեկները հայտնաբերել են նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

Կոտայքի պարեկները հայտնաբերել են նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությանը հորդորել են, որ պարեկները նաև պետք է չզիջեն ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորներին և նրանք նույնպես պետք է աշխատանքներ կատարեն՝ հանցագործությունների նախականխման, կանխման ուղղությամբ:

Գաղտնիք չէ, որ Պարեկային ծառայության գործունեության ընթացքում Հանրապետությունում պարեկները կանխել ու նախականխել են բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ առանձնապես ծանր, հայտնաբերել են բազմաթիվ հետախուզման մեջ գտնվողների, այդ թվում ՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար, հայտնաբերել են բազմաթիվ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ, իսկ Պարեկային ծառայության կողմից այնքան թմրամիջոցներ ու ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել, որ դրանցով կարելի է լցնել մի քանի լաբորատորիաներ:

Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Մխիթար Սարգսյանը իրենց ճիշտ, գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում ապացուցեցին, որ չեն զիջում քրեական հետախույզներին:

Ժամը 10:45-ի սահմաններում Վ. Կարապետյանն ու Մ. Սարգսյանը գիշերային հերթապահությունից տուն վերադառնալիս Երևանի Արաբկիր վարչական շրջանի ՝ ժողովրդին հայտնի «Սլավյանսկի» համալսարանի հարևանությամբ նկատում են «Mercedes G63» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենան:

Նրանք տեղում սահմանափակում են «յաշիկի» տարածքը, իսկ վաշտի հրամանատարը հեռախոսով տեղեկություն է փոխանցում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանին և հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանին:

Արդեն Կոտայքի գումարտակի պարեկները պարզում են, որ նշված ավտոմեքենան հետախուզման մեջ է լինում, քանի որ վարորդը ապրիլի 16-ին Հյուսիս–հարավ նոր կառուցվող ճանապարհի Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:

Այդ մասին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, ու այդ օրվանից Պարեկային ծառայությունը որոնում էր օրինախախտ «յաշիկավարին»:

Արդեն «յաշիկի» հայտնաբերման մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտայի հրամանատար Ա. Սահակյանը տեղեկությունը փոխանցում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, ում հանձնարարականով էլ դեպքի վայր են ժամանում ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները և ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն «Սլավյանսկի» համլասարանի մոտ «յաշիկին» է մոտենում Երևանի բնակիչ 33-ամյա Ֆելիքս Գրիգորյանը, ով հայտնում է, որ վարորդը ինքն է եղել, և ինքն է նշված ավտոմեքենան կայանել Հովսեփ Էմին փողոցում:

Պարեկային ծառայությունը ունի կասկածներ, որ ապրիլի 16-ին նա չի եղել մեքենայի ղեկին, քանի որ ավտոմեքենան միշտ վարել է քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ Լյովա Բանդուրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 15-ին ականատես էինք եղել, թե ինչպես էր «Mercedes G63» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:

Ո՞վ էր այս ուղեղից թոփալը. դրան պետք էր կարճ ժամանակում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ՊԾ պետ Արթուր Խուդինյանի, ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ հայտնաբերեին և օրենքի ողջ խստությամբ ենթարկեին վարչական պատասխանատվության. նույնիսկ նման լկտի վարորդի ավտոմեքենան անհրաժեշտ է, որպեսզի երկար ժամանակ «փտի» «պլաշչադկայում», ինչը դաս կլինի դրա նման անուղեղներին, որ նման լկտի վերաբերմունք չպետք է ցուցաբերվի հասարակության նկատմամբ և նման խուժան ձևի չվարեն ավտոմեքենան ու վթարային իրավիճակներ չստեղծեն օրինապաշտ վարորդների համար: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին՝ Լյովա Բանդուրյանը, ում դեռ ամիսներ առաջ էին Երևանի գնդի պարեկները տեղափոխել ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Այս պարագայում, եթե պարզվի, որ վարորդը եղել է նույն «մանկիկը», ապա կարելի է վստահ ասել՝ այս պարագայում նույնպես «Կարմիր կովը իր կաշին չի փոխի»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել էին «Շնաձուկն էլ չի կարող քո «۫յաշիկ»-ը փրկել» օպերացիան:

Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes G63 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարում է այն:

Ժամերի ընթացքում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկները գործի էին անցել ու 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արման Կարապետյանն ու Տարիել Ներսիսյանը հայտնաբերել էին «յաշիկ»-ը Արաբկիր վարչական շրջանում և տեղափոխեել Ոստիկանության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Պարզվել  էր, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի  բնակիչ 18-ամյա Լյովա Բանդուրյանը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: 

Լ. Բանդուրյանը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է: Ավտոմեքենայի համարանիշների վրա էլ փակցրել էր շնաձկան տիպ, այստեղ են ասում «ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ», կամ «ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ, ԽԵՎԻՆ ԽՐԱՏՆ Ի՞ՆՉ ԱՆԻ»:

  • Կիսվել: