Կոտայքի մարզում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղ բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գնել Կ.-ն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրամանտյոր:


