երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզում մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել։ Ժամը 16:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 43-ամյա Գագիկ Հակոբյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ներսես Ասատրյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Այվազյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից, որտեղ դեռևս անհայտ անձի կողմից ճանապարհի անօրինական գծանշում է կատարվել, շրջադարձ է կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

  • Կիսվել: