հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Կորոնավիրուսով վարակված, բայց բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված, բայց բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում. Նիկոլ Փաշինյան

Այսօր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք: Այս մասին գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, թեթև դեպքեր են։

«Այսինքն՝ զուտ գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ: Մենք այսօր առավոտյան պարոն Ավինյանի և Թորոսյանի մասնակցությամբ քննարկում ունեցանք և որոշեցինք, որ թեթև դեպքերում քաղաքացիներին տեղավորենք հյուրանոցներում: Մենք կփորձենք աշխատել հյուրանոցների հետ, կապահովենք սնունդը և մյուս կարիքները: Ես կարծում եմ, որ այս քաղաքականությունը պետք է շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ: Կարծում եմ՝  սա օգտակար է նաև տնտեսության, հյուրանոցների համար, որոնք, ըստ էության, դատարկ են»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հյուրանոցները կարող են վախենալ իրենց բրենդի հետ կապված. «Իհարկե հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինեն, որ ինչ-որ հիվանդություններով տառապող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են։ Կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների հետ որևէ վատ բան չի լինի, առավել ևս եթե դրանք ախտահանվեն»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ իրենց կողմից հստակ ցուցումներ կլինեն: Դա արվում է նաև հիմա՝ մյուս 7 մեկուսացման վայրերում. «Երբ դրական դեպք ենք ունենում, սենյակն ամբողջությամբ ախտահանվում է, որից հետո տեղավորվում են այլ մարդիկ։ Կլինի թե ստանդարտ ախտահանում, թե հատուկ ախտահանում ամեն դեպքերից հետո»:

Նախարարը ներկայացնելով միջազգային փորձն՝ ասաց, որ, օրինակ, խոսել է Իսրայելի պատասխանատուների հետ, նրանք արդեն 1000 թեթև պացիենտի պահում են իրենց հյուրանոցներում: «Չեմ կարծում, որ այստեղ բրենդի մրցունակության հարց կարող է առաջանալ՝ հատկապես հաշվի առնելով ամբողջ աշխարհում տուրիզմի ոլորտում տիրող իրավիճակը»։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այսօր մտածում են՝ ինչպես աջակցել հյուրանոցներին, հիմա պետք է բանակցել հյուրանոցների հետ, իսկ գինը չի կարող շուկայական լինել, մանավանդ այս պահին շուկայական գին գոյություն չունի. «Մենք որոշակի գին կպայմանավորվենք, տեղում կապահովվի նաև սնունդը: Դա օգտակար է նաև այն բանաձևի կոնտեքստում, որ մենք պետք է շարունակենք ապրել նաև կորոնավիրուսի պայմաններում»:

 

  • Կիսվել: