ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ-ին կհատկացնի 30 մլն եվրո

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ-ին կհատկացնի 30 մլն եվրո

ՀՀ-ԵՄ 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։

«Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները: Սույն բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ Կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում:

Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում:

Այս համատեքստում, մասնավորապես, ծրագրով նախատեսվում է Հայաստանում հարկային քաղաքականության բարելավում և առկա բացերի նվազեցմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագրի մշակում ու ընդունում:

Բյուջետային աջակցության ծրագրով նախատեսվում է նաև պլանավորման և բաշխման փուլերում հանրային ներդրումների առկա համակարգի բարելավում, մասնավորապես, հանրային ներդրումների ռազմավարական շրջանակի հստակեցում, ակնկալվող նախագծերի ընտրության, մշակման և գործարկման համակարգի ներդրում։

Ծրագիրը թիրախավորում է նաև առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։

Ծրագրով նախատեսված է նաև օգնել կառավարությանը աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին՝ COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում»,- ասված է հիմնավորման մեջ։

 

  • Կիսվել: