Կորոնավիրուս. անցնել կառավարման արտակարգ ռեժիմի․ հայտարարություն
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետ «Սասնա ծռեր» կուսակցությունն առաջարկում է անցնել կառավարման արտակարգ ռեժիմի։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնովիրուսով հիվանդացածության դեպք:
Գործող իշխանությունից պահանջում ենք դուրս գալ առօրեականության հոգեվիճակից, սթափվել և արդյունավետ քայլեր կատարել բնակչության պաշտպանության նպատակով:
Այդ նպատակով անհրաժեշտ է անցնել կառավարման արտակարգ ռեժիմի՝ առնվազն կատարելով հետևյալ քայլերը.
- մշակել և հաստատել գործողությունների ծրագիր,
- ստեղծել արտակարգ իրավիճակի կառավարման շտաբային մարմին,
- իրականացնել իրավիճակի մոնիթորինգ և պարբերաբար իրազեկել բնակչությանը,
- հնարավորինս ուժեղացնել սահմանային անցակետերի կանխարգելիչ հսկողությունը, արգելել կորոնավիրուսի տարածման օջախներ ունեցող երկրներից մուտքը ՀՀ, բացառել հավաքները, մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, սահմանափակել բնակչության տեղաշարժը,
- առնվազն փակել նախադպրոցական և դպրոցական հիմնարկները, իսկ հիվանդության տարածման աճման դեպքում՝ նաև բուհերը և այլ հաստատությունները,
- ապահովել բնակչության ուսուցումը,
- ստեղծել հիվանդության տարածման կանխարգելման և հիվանդների բուժօգնության համար անհրաժեշտ ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ ու ֆոնդեր և սահմանել դրանց օգտագործման կարգը,
- մոբիլիզացնել և ներգրավել պետական կառավարման համակարգի, ինչպես նաև՝ հանրային ինստիտուտների, մասնավոր բիզնեսի և բնակչության ռեսուրսները (օրենքով սահմանված շրջանակներում և/կամ համաձայնաբար),
- հնարավոր աջակցության համար դիմել արտերկրաբնակ հայությանը և կազմակերպել դրա արդյունավետ ընդունումն ու օգտագործումը,
- անհապաղ կերպով մշակել և ընդունել անհրաժեշտ իրավակարգավորումներ,
- բավարար մակարդակով համագործակցել միջազգային կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ՝ առաջադեմ փորձի ներառման միջոցով իրավիճակն առավելագույն արդյունավետությամբ կառավարելու համար:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն»։



