Կոմունիկացիաները բերում են շարժի, բիզնեսի զարգացման, մարդկանց բարեկեցության բարելավման. Խաչատուր Սուքիասյան
ՀՀ ռելիեֆները մեզ հուշում են, որ մենք պետք է լուրջ համակարգեր ունենանք, որոնք պետք է լինեն ազգային: Այս մասին այսօր Ազգային ժողովում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էին Հյուսիս-հարավ ճանապարհաշինության հարցերը, ասաց ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով թունելաշինությանը, կամրջաշինությանը:
«Մենք լեռնային երկիր ենք և աշխարհում թիվ մեկ կարևորության խնդիրը՝ դա կոմունիկացիաներն են, որոնք բերում են շարժի, բիզնեսի զարգացման, մարդկանց վիճակի բարելավման, կենցաղի բարեկեցության բարելավման: Այս ամեն ինչը հաշվի առնելով, կարծում եմ, որ համատեղ համապատասխան գործիքներ պետք է ձեռք բերվեն»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ հենց Երևան քաղաքում 1-3 կիլոմետրանոց թունելների առկայության դեպքում այս կամ այն տարածքը դառնալու է ավելի գրավիչ, բնակիչներն ավելի լավ են իրենց զգալու, կոմունիկացիաներն աշխատելու են:
«Այս հարցը առանձին հարց դիտենք: Իսպանական, չինական կառույցը, որոնք մեր իշխանությունից առաջ պայմանագրեր են կնքել. ինչ ձևով են վերաբերվել մեր պետության ենթակառուցվածքներին՝ շատ վատ, դրա համար մենք այս անգամ պետք է ավելի խոր մտածենք ու ավելի խիստ լինենք, քանի որ մենք, որպես պետություն, վճարում ենք, նրանք կատարում են աշխատանք»,- ասաց նա:
Գնել Սանոսյանը ներկայացրեց քննարկվող ոլորտի համար կառավարության քաղաքականությունը առաջիկա հինգ տարում, և Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց նաև տեխնիկան հայկական լինելու հարցի կարևորության խնդիրը:


