ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թիրախավորվել էր ոչ միայն կին պաշտոնյան, այլև մայրությունը, նրա նորածին երեխան․ հայտարարություն

Թիրախավորվել էր ոչ միայն կին պաշտոնյան, այլև մայրությունը, նրա նորածին երեխան․ հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան  հայտարարություն է տարածե սեքսիզմի,   ատելության խոսքի, բռնության  շարունակական դարձած դրսևորումների դեմ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ 

«Վերջին ժամանակաշրջանում, տարբեր հարթակներում, առավել հաճախակի են դարձել ատելության խոսքի, սպառնալիքի և սեքսիզմի դրսևորումները, որոնք օրըստօրե ահագնացող դրսևորումներ և ընդգրկում  են ստանում։

Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած կանանց ուղղված վիրավորանքները, հայհոյանքները, որոնք վերաճեցին  բռնության, ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակական դարձած թիրախավորումները՝ հատկապես կին քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու հանրային գործիչների հանդեպ՝ սեքսիզմի ու ատելության խոսքի  տեսքով, վկայում են կանխարգելման ու քննության մեխանիզմների անարդյունավետության մասին։ Ատելության խոսքի էսկալացիան, որը հասցվում է բռնության կոչերի, և արդեն վերաճում բռնության սպառնալիքի է վերածվել։

 Առանձնակի անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ երեկ՝ Տաթևիկ Ռևազյանի հասցեին հնչեցված  ատելության և թշնամական սեքսիզմի դրսևորումներին, որտեղ ոչ միայն թիրախավորվել էր կին պաշտոնյան, այլև մայրությունը, նրա նորածին երեխան, և, առհասարակ, հնչեցվել էին կանանց անլիարժեքության մասին բացահայտ պնդումներ, խտրականություն և ատելություն։ Նման անթաքույց թշնամանքի տարածումը խորացնում է մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները, որոնք առկա են բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ԶԼՄ-ներում, արվեստում, լեզվում, կենցաղում և  վիրտուալ տարածքում: Մեր երկրում առկա կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կենցաղային մակարդակում սեքսիզմի դրսևորումները դառնում են համատարած, որի հիմքում  կանանց թերարժևորումն է և կանխակալ վերաբերմունքը։ 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է սեքսիզմի, խտրականության, ատելության խոսքի ու բռնության կոչերի ցանկացած դրսևորում և պահանջում

ՀՀ Ազգային Ժողովից վերջապես ձևավորել էթիկայի հանձնաժողով, որը սահմանված է Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքով, և արդեն բավականին  ժամանակ է համառորեն չի գումարվում, չնայած բազմաթիվ առիթների ու քաղաքացիական հանրության կողմից հնչեցվող կոչերի։ Բազմակողմանի և անաչառ քննություն իրականացնել վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի շուրջ՝ միաժամանակ երկրի թիվ մեկ ամբիոնից ուղերձ հղելով հանրությանը՝ նման դրսևորումների անթույլատրելիության վերաբերյալ։

 

ՀՀ իրավապահ մարմիններից ատելության, սեքսիզմի, խտրականության դրսևորումների և բռնության կոչերի  յուրաքանչյուր դեպքով՝ անկախ նրանից, դրանք կատարվել են համացանցում, թե քաղաքական բարձրագույն մարմիններում,  իրականացնել արդյունավետ, լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և օրենքի ողջ խստությամբ պատժել ատելության ու բռնության քարոզ իրականացնողներին»։

  • Կիսվել: