կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ներքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունից։

Նշվում է, որ ՀՀ տարածքում ցուցարարների կողմից փակված փողոցներ ու ճանապարհներ չկան:

Տեղեկացնենք, որ Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ։

«Մարզպետն ասեց` ոչ մի բան չի փոխվելու, սահմանազատվելու է,– ասաց հանդիպմանը մասնակցած կիրանցեցին և ավելացրեց,– այսինքն` ճանապարհը, 2 տունը, հողատարածքները, անցած տարի 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը անցնում են Ադրբեջանին»։

Նրա խոսքով` մարզպետը փորձել է գյուղացիներին հանգստացնել, ասել է` պատ կկառուցենք, փոխհատուցում կտանք։ Բայց կիրանցեցին հիշում է Սյունիքի Շուռնուխի պատմությունը, երբ արդեն 4 տարի է` մարդիկ դեռ տուն չունեն։
 
Գյուղացիները թևաթափ են եղել, հասկացել են, որ եթե ճանապարհը չբացեն, կարմիրբերետավորներ են բերելու։
Ոստիկաններն էլ բացել են դեպի գյուղ տանող ճանապարհը։

  • Կիսվել: