«Խրախճանք ժանտախտի ժամանակ»․ Ո՞վ է իրավունք տվել Քաղաքապետարանին արտոնել ոմն կազմակերպության փակել Երևանի ամենաբանուկ պուրակներից մեկը «արտոնյալների փարթի» կազմակերպելու համար
Երեկ Երեկոյան Մաշտոցի պուրակի մի հատված ամբողջովին փակ էր և անհասանելի «սովորական մահկանացուների» համար։
Պուրակի մի մասը պարսպապատվել էր, մի հատվածում հատուկ այդ նպատակով զբոսայգի բերված տույաներից ցանկապատ էր սարքվել, մեկ այլ հատվածում ուղղակի ինչ որ արկղերից և կրպակներից «բարիկադներ» էին «կառուցվել»։ Մի խոսքով ամեն ինչ արվել էր, որպեսզի այգու Մաշտոցի պողոտային հարող հատվածը անհասանելի և անտեսանելի լինի այգու այցելուների և անցորդների համար։ Դա էլ քիչ համարելով՝ ամենուրեք շարել էին նաև կենդանի պարիսպներ՝ անվտանգության աշխատակիցներից և ինչ որ երիտասարդ՝ իրենց «կամավորական» անվանող աղջնակներից ։ Որևէ փորձ անցնել պուրակի այդ հատվածով, որևէ կերպ սողոսկել «փակ զոնա» պսակվում էր անհաջողությամբ, քանզի «կամավորական» աղջնակները, որոնք սևեռուն աչալրջությամբ հսկում էին տարածքը, իսկույն վրա էին հասնում և իրենց մարմնով փակում արդեն իսկ պարսպապատված հատվածը։

Դա էլ քիչ չէ, կամավորները և անվտանգության աշխատակիցները փակել էին պուրակից Մաշտոցի պողոտա քաղաքացիների անցուդարձը։ Երբ մարդիկ փորձում էին դուրս գալ պուրակից դեպի փողոց, հայտնվում էին կամավորները և, մարմնով փակելով ճանապարհը, ուղղորդում էին նրանց դեպի գետնանցում։ Մարդկանց բողոքները առ այն, որ իրենք գետնանցումով անցնելու կարիք չունեն, քանզի հայտնվելու են փողոցի հակառակ կողմում, չէին մտահոգում «կամավորականներին», նրանք անդրդվելիորեն նույն սկավառակն էին պտտում․ «Չի կարելի, միայն գետնանցումով կարող եք անցնել այս հատվածը, ոչինչ որ ձեզ պետք չի իջնել գետնանցում, բայց էդպես ա պետք»։ Թե ում և ինչու է էդպես պետք, մեզ պարզել այդպես էլ չհաջողվեց։ Բոլոր մեր հարցերին, մենք ստանում էինք մի աննկուն պատասխան․ «Փակ միջոցառում ա, կարևոր մարդիկ են հավաքվել, դուք չեք կարող անցնել այդ հատվածով, միայն կարևոր մարդիկ են կարող»։ Մեր հացին ի պատասխան թե, ովքեր են այդ «կարևոր» մարդիկ և միջոցառման կազմակերպիչները, «կամավորականները» թոթվում էին ուսերը և պատասխանում, որ տեղյակ չեն, ուղղակի գիտեն, որ «կարևոր» ու «հայտնի» մարդիկ են, ու իրենք այնքան արտոնյալ են, որ ամենապիկ ժամին, կարող են փակել ամենա մարդաշատ հանրային զբոսայգիներից մեկը, ու մարդկանց անցուդարձը խաթարելով, ասենք հրել նրանց դեպի գետնանցում, նույնիսկ, եթե տվյալ մարդը գետնանցում մտնելու կարիք չուներ։

Ընդ որում, երևում էր, որ կամավորականների հետ լավ «նախավարժանք էին» անցկացրել, որովհետև միևնույն պատասխաները մենք լսեցինք այգու տարբեր հատվածներում վախվորած ու լարված դեմքով կանգնած տարբեր «կամավորականներից»։ Իսկ ամենա նողկալին այն էր, որ այդ միալար պատասխանը (կարևոր ու անկարևոր, արտոնյալ և «ցածրադաս» մարդկանց մասին) լսում էիր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից, որոնց մոտ այդ գաղափարները անգամ պետք է ցասում և ըմբոստություն առաջացնեին, որոնք պետք է ավելի ազատ ու անկաշկանդ լինեին իրենց և այլոց իրավունքները պաշտպանելիս։ Փաստացի այդ երիտասարդները դեռ կյանք չմտած «կամավորագրվել են» «կարևոր» և «արտոնյալ» խավի իրավունքների սպասարկուի ստրկահաճո գործին։ Եթե մենք մեր սեփական ձեռքով էսպես դեգրադացնում ենք մեր երիտասարդությանը, պարզ է չէ, որ վաղը ոչ մեկը վեհ գաղափարների և ընդհանրապես գաղափարների ու գաղափարախոսության համար պայքար չի մղելու, ու հանրային րեգրեսի թափանիվը կանգնեցնել չի հաջողվելու։
Վերջում պետք է հիասթափեցնեմ այդ երիտասարդներին․ «Երեխեք ջան, ձեզ խաբել են, էդ «փակ» միջոցառմանը ոչ մի կարևոր մարդիկ էլ չկային, նախ այն բանի համար, որ «կարևոր» ու «անկարևոր» մարդիկ ընդհանրապես չկան, ամեն մարդ կարևոր է իր չափով ու դերով, և երկրորդը նրա համար, որ հրավիրվածներից շատ-շատերը ձեր ու էդ անցորդների նման մարդիկ էին (լրագրողներ, միջին դասի չինովնիկներ), ուղղակի նրանց հանգամանքների բերումով այդ միջոցառման հրավիրատոմս է հասել: Այո, կային նաև բարձր պաշտոն զբաղեցնող անձիք, բայց հավատացեք, նրանք էլ ձեզանից ու շատ անցորդներից կարևոր մարդիկ չեն, նրանք էլ ձեզ պես աշխատող են՝ դուք "կամավորեք" աշխատում, իրենք՝ բախտի բերմամբ կամ պատահմամն խոսնակ, կամ փոխվարչապետ, մինչ այդ աշխատանքին անցնելը, գուցե իրենք էլ են "կամավոր" աշխատել, այդ աշխատանքից հանգամանքների բերումով ազատվելուց հետո, գուցե նորից ձեզ պես "կամավոր" աշխատեն, էնպես որ մի տրվեք պատեհապաշտության պահանջներին, առաջնորդվեք կայուն արժեքներով»։

Միջոցառման կազմակերպիչներին ասելիք չունեմ, քանզի նրանց մակարդակի և որակի մասին խոսում է իրենց կազմակերպած միջոցառումը։
Իսկ այս Երևանի քաղաքապետարանին հարցեր շատ կան․ «Նախ, ո՞ր տրամաբանությամբ եք, ոչ սիրելի Քաղաքապետարան դուք որոշել արտոնել ոմն կազմակերպության ուրբաթ երեկոյան փակել Երևանի ամենամարդաշատ զբոսայգիներից մեկը։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել արտոնել ինչ էր մեկին, որոշել թե՞ երևանցին հանրային պուրակով և փողոցով ոնց պետք է անցնի, և ընդհանրապես ո՞վ է ձեզ իրավունք տվել բաժանել երևանցիներին «կարևորների» և «անկարևորների» կաստաների։ Էն ովք՞եր էին իշխանության գալուց խոնարհվում ժողովրդի առջև, սիրում ու հպարտանում նրանով»։
Իսկ ամենա վատը, որ իրերի այս դրվածքը դույզն ինչ դժգոհություն չէր առաջացնում այգու այցելու «անկարևոր» ժողովրդի մոտ, նրանք անմիտ հրճվանքով պարսպից անդին փորձում էին որսալ «արտոնյալների» խրախճանքից որոշ դրվագներ և տեսանկարահանել դրանք իրենց հեռախոսներով՝ հավանաբար հաջորդ սերունդներին ցույց տալու համար։
P.S. Հետագայում համացանցում հայտնված տեսանյութերից պարզ դարձավ, որ Երևանի կենտրոնում «արտոնյալների փակ խրախճանքը» ինչ որ «Գոդսբի փարթի» անվանումն էր կրում։ Իսկ այ կազմակերպիչների ինքնությունը ավելի խիստ գաղտնիության կոդով է պահպանվում, քան նույնիսկ պետական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիան։ Սակայն դա էլ նույն համացանցը գաղտնազերծեց՝ պարզվեց, որ այդ ցածրաճաշակ, սնոբիստական երեկույթը կազմակերպել էր "Կեմպինսկի" ընկերությունը։ Մնում է հուսալ, որ Երևանի կենտրոնում կառուցվելիք նրանց բնակելի համալիրը նույնքան անժաշակ, սնոբիստական և քաղքենի չի լինի։



