Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնում նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՛՛Խոսրովի անտառ՛՛ պետական արգելոց իր այցի հերթական կանգառը եղել է Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնը, որտեղ նա ծանոթացել է իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին:
Նախարարը, մասնավորապես, գրել է. «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցիս հերթական կանգառը Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։
Կենտրոնի գործունեության նպատակն է այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու արգելոցի ստեղծման պատմության, դրա նշանակության, կենդանական և բուսական աշխարհի, պատմամշակութային արժեքների հետ:
Շրջեցինք տարածքում, ծանոթացանք իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկեցինք հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
Կարող եմ ասել, որ մենք դեռ չունենք իրացվելիության բավարար մակարդակ։ Սակայն այս ուղղությամբ մեր քայլերը պետք է լինեն զուգահեռ պահպանության որակի ու մակարդակի բարձրացմանը։ Արգելոցը բնության հատուկ պահպանման ռեժիմ ունի, և մարդկային ազդեցության գործոնն ուղղակիորեն պետք է նվազագույնի հասցնել, իսկ դա հնարավոր է միայն ներքին կարգապահության, պահնորդական ծառայության հնարավորությունների ընդլայնման և պահպանության նոր մեխանիզմների ներդրման արդյունքում։
Միայն այս դեպքում մենք կընդլայնենք զբոսաշրջային խմբերի և էկոտուրիզմով զբաղվող ընկերությունների հետ մեր համագործակցությունը և կունենանք զբոսաշրջային ներուժը լիարժեքորեն իրացնելու հավասար հնարավորություններ։
Ինչպես այս, այնպես էլ՝ Գառնի տեղամասի այցելուների կենտրոնում զբոսաշրջիկները կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհրդատվություն, ինչպես նաև՝ ձեռք բերել համապատասխան գրականություն, ուղեցույցեր` զբոսաշրջության գրագետ կազմակերպման համար՛՛:



